Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի խոշոր բժշկական հաստատությունները կունենան արյան պաշարներ

Հայաստանի խոշոր բժշկական հաստատությունները կունենան արյան պաշարներ

 ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջարկվող փոփոխություններով խոշոր հիվանդանոցները կմասնակցեն արյան բանկի ստեղծման և պահպանման գործին: Իսկ արտերկրում ախտորոշում ստանալու համար արյուն արտահանելու գործընթացը կդառնա ավելի դյուրին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին խոսեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«Փոփոխության նպատակը նախ գործող սահմանադրության համապատասխանեցումն է: Հայաստանում դոնորական օրգանները չեն կարող շահույթի առարկա դառնալ: Սա համահունչ է միջազգային մոտեցումներին: Մենք ունենք որոշակի քանակի դոնորներ, որոնք վճարվում էին իրենց հանձնած արյան դիմաց: Սակայն մենք իրականում ոչ թե վճարում ենք այդ արյան համար, այլ փոխհատուցում մարդու բիոլոգիական, էներգետիկ ծախսերը, որով պետք է ձեռք բերի սնունդ, հեղուկներ՝ ինտենսիվորեն վերականգնելու օրգանիզմի կարողությունները: Ուստի հստակ սահմանում ենք, որ դա չի կարող դառնալ շահույթի առարկա, մենք պարզապես դոնորներին փոխհատուցում ենք տրամադրում: Իրականում այն, ինչ ներկայում տեղի է ունենում, մենք պարզապես բերում ենք օրինական դաշտ»,-ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանի կարծիքով՝ դոնորության մեջ մարդասիրական մեծ գաղափար կա: Եվ այդ մարդասիրական գաղափարները ոչ մի կերպ չպետք է լինեն շահույթի ձեռքբերման առարկա: Բացի իր բիոլոգիական, հումանիտար արժեքից՝ այն ունի նաև ծախսատար բաղադրիչ: Պետությունն էլ այդ անխուսափելի ծախսերը հոգում է:

«Գործող օրենքում ունենք արյան պաշարների պահուստի խնդիր: Օրենսդրության համաձայն՝ միայն Արյունաբանական կենտրոնի արյան բանկում պետք է պահվեն պաշարները: Սակայն մեկ ինստիտուտ չի կարող այդ բեռն իր վրա վերցնել: Նոր փոփոխությամբ պետք է սահմանվի արյան պաշարների գաղափար: Առողջապահության մյուս կառույցները՝ խոշոր հիվանդանոցները արյան բանկի ստեղծման, պահպանման գործին ևս պետք է մասնակցեն: Նրանք ունեն համապատասխան ֆինանսավորում և այլ միջոցներ»,-ասաց փոխնախարարը:

Տարբեր հաստատություններ իրականացնելու են այդ ծառայությունը լիցենզավորման պայմաններին համապատասխան: Դոնորի հավաքագրումը դառնում է ընդհանուր մի ծառայություն: Ծննդօգնություն իրականացնող հաստատություններն անպայման պետք է ունենան արյան պաշարներ կամ պայմանագրեր մատակարար կազմակերպությունների հետ, ովքեր կարող են կարիքի դեպքում արյունն արագ տեղ հասցնել:

«Կարծում եմ՝ բոլոր խոշոր բժշկական հաստատությունները կունենան արյան պաշարներ: Յուրաքանչյուր մարզում առնվազն մեկը կլինի»,-նշեց փոխնախարարը:

Փոփոխություններով կլինեն նաև ոչ բժշկական հաստատություններ, որոնք կզբաղվեն արյան դոնորների փնտրտուքով: Սա վերցված է միջազգային փորձից: Հասարակական կազմակերպություններն ակտիվ դեր ունեն դոնորների հավաքագրման, քարոզչության գործում:  «Այդ փորձը մենք էլ մի քանի տարի առաջ փորձարկել ենք և հասկացել, որ արդյունավետ է: Այս տարվա բյուջեն կազմավորված է, հաջորդ բյուջեի կազմավորման համար մենք արդեն կմտածենք այդ կառույցի ստեղծման ուղղությամբ: Կընտրենք կազմակերպություն, օրինակ՝ հասարակական, ով պատրաստակամ կլինի այն գործն իր վրա վերցնել, կառավարությունն էլ, իհարկե, կփոխհատուցի»,-ասաց Խաչատրյանը:

Գործող օրենսդրությամբ օրգաններ արտահանելն արգելվում է: Արյուն արտահանելու դեպքում կան որոշակի բացառություններ: Օրինակ՝ հայաստանցի դոնորի արյունը կարելի է ուղարկել այլ երկիր անհրաժեշտության դեպքում: Նմուշների փոխանակումը հետազոտության համար որոշակի կարգավորումներ ունի: Ներկա փոփոխություններով դաշտն ավելի ազատ կդառնա, կհեշտացվի տեղափոխման գործընթացը: Եթե մարդ կարիք ունի արյունը արտերկիր ուղարկել՝ կատարելու մի այնպիսի ախտորոշում, որը Հայաստանում չի արվում, խոչընդոտների չի հանդիպի:

Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում լսումներից հետո որոշակի հարցադրումներ են ստացել և ընդունել դրանք:  Լրամշակումից հետո այն նորից կուղարկվի ԱԺ:

Հայաստանում արյան դոնորների թիվը 15 000 է, որոնց 50 տոկոսը փոխհատուցում ստացողներն են, իսկ մնացածը՝ կամավոր անվարձահատույցները: Իրականում հանրապետությունը կարիք ունի մոտ 25 000 դոնորության, այսինքն՝ 12 000 լիտր արյան:

 Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am