Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախագահը մասնակցել է ԵԽ-ին պաշտոնական հուշանվերի հանձնման արարողությանը

Նախագահը մասնակցել է ԵԽ-ին պաշտոնական հուշանվերի հանձնման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 24-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ Նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Խաչքարի ցուցապաստառը բացել են Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Հանրապետության Նախագահը և Թորբյորն Յագլանդն արարողության կապակցությամբ հանդես են եկել ելույթներով: Արարողության ավարտին Հանրապետության Նախագահը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև արարողությանը մասնակող Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենին ցուցադրել է ԵԽ բակում՝ մուտքի հարակից հատվածում, տեղադրված խաչքարը:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդին հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողության ժամանակ

Մեծարգո´ պարոն Գլխավոր քարտուղար, 
Հարգելի´ հայրենակիցներ, 
Տիկնա´յք և պարոնայք,

Եվրոպայի խորհրդում գոյություն ունեցող գեղեցիկ ավանդույթի ներքո, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակի կապակցությամբ այսօր Հայաստանը Եվրոպայի խորհրդին է նվիրում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության ամենավառ կերտվածքներից մեկը՝ հայկական խաչքարը։ Մեզ համար մեծ պատիվ և հպարտություն է, որ այն այսուհետ ապրելու է Ստրասբուրգի սրտում՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հովանու ներքո՝ ի նշան այդ արժեքներին մեր անվերապահ հավատարմության։

Իր երկուհազարամյա պատմությամբ՝ խաչքարագործությունը նաև հայ ժո-ղովրդի արդի մշակութային դրսևորումներից է․ այսօր էլ մեր խաչքարագործները, հենվելով ազգային ավանդույթների վրա, իրենց վարպետությամբ շարունակում են ոչ միայն վերարտադրել ու թարմացնել, այլև ստեղծագործել, վերաիմաստավորել ու նորովի մատուցել այդ արվեստը:

Պատահական չէ, որ սահմանափակ մակերեսի վրա անվերջության պատրանք ստեղծող հայկական խաչքարային արվեստը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս հուշարձանն արտացոլումն է այն արժեքների, որոնց վրա խարսխված են հենց Եվրոպայի խորհրդի հիմնասյուները։ Եվ կասկածից վեր է, որ ժողովուրդների մշակութային ժառանգության կոթողները Եվրոպայի խորհրդի տարածքում և ամենուր պետք է օգտվեն պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից։ Այդ հանձնառությունը պարտավոր է երաշխավորել քաղաքակրթական արժեքներից իրենց չօտարող յուրաքանչյուր պետություն։

Պարո՛ն Գլխավոր քարտուղար, 

Այսօրվա արարողությունը, հավատացած եմ, մեծ խորհուրդ ունի բոլորիս համար, նաև՝ Ստրասբուրգում և Էլզասի շրջանում ապրող ֆրանսահայերի ու այստեղ աշխատող մեր քաղաքացիների համար, քանզի սա առաջին հայկական հուշարձանն է Ֆրանսիայի այս հատվածում։ Թող այս գեղեցիկ պուրակի այցելուներին խաչքարը մշտապես հիշեցնի Եվրոպայի խորհրդի դավանած հիմնարար արժեքների անօտարելիության ու անխախտելիության մասին։ 

Շնորհակալություն:

ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ելույթը Եվրոպայի խորհրդին հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողության ժամանակ

Պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Նալբանդյան, պարո՛ն Ռասմուսեն, պարո՛ն դեսպան, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես ուրախ եմ ընդունել այս նվերը՝ միջնադարյան խաչքարի՝ հուշաքարի և Հայաստանի հարուստ մշակույթի խորհրդանիշի այս հիասքանչ արտապատկերումը: Նշելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակը՝ այս նվերը կդառնա ամենօրյա հիշեցում, թե ինչու ենք մենք այստեղ: Պաշտպանելու և առաջ մղելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ ի շահ մեր 47 անդամ պետությունների շուրջ 800 միլիոն քաղաքացիների:

Այս քարը և Ձեր անձնական ներկայությունն այստեղ այսօր, Նախագա՛հ Սարգսյան, հստակ արտահայտում են Հայաստանի հանձնառությունը մեր արժեքների և մեր համաեվրոպական իրավական տարածքի հանդեպ: Եվրոպայի համար մարտահրավերներով լի մերօրյա ժամանակներում այդ նվիրվածությունն առավել կարևոր է և առավել գնահատելի: Իրապես, 2001 թվականին Եվրոպայի խորհրդին միանալուց ի վեր Հայաստանը, մի շարք համապարփակ ներքին բարեփոխումներ իրականացնելով, նշանակալի քայլեր է արել՝ ի կատարումն իր պարտավորությունների: Գործընթացը դեռևս շարունակվում է, սակայն արդեն իսկ էական առաջընթաց է արձանագրվել: 

Վերջին զարգացումների առումով ողջունել ենք սահմանադրական բարեփոխումները և ընդգծել կառավարության վճռականությունը՝ պաշտպանելու և առաջ մղելու կանանց իրավունքները: Դա արտահայտվեց վերջերս «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի ընդունմամբ: Այն իր հերթին ճանապարհ է բացում Ստամբուլի կոնվենցիայի ստորագրման համար:

Հայաստանը նաև կազմակերպությունում հստակ առաջնորդություն ցուցաբերեց 2013 թվականին Նախարարների կոմիտեում իր առաջին նախագահության ընթացքում: Այդ ընթացքում մի շարք մեծ նախաձեռնություններ իրականացվեցին Դատարանի համակարգի ամրապնդման առումով՝ Եվրոպական կոնվենցիային հավելյալ արձանագրությունների ընդունման միջոցով:

Այսպիսով, քանի դեռ Հայաստանը շարունակում է լիովին իրականացնել անդամակցության իր պարտավորություններն ու հանձնառությունները, նրա ժողովուրդն ու իշխանությունները կարող են լիահույս լինել Եվրոպայի խորհրդի աջակցության նկատմամբ: Միաժամանակ, մենք ընդունում ենք այս նվերը հաճույքով և երախտագիտությամբ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am