Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հուլիս

Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան

Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ այժմ երկրում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է: Այդ մասին ՀՀ վարչապետը նշել է «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀՀ-ում 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրին և պատասխանել հարցին՝ արդյոք նախատեսվում են այլ ներդրումային ծրագրեր:  

«Իրոք, նոյեմբերի 13-ին Երևանում «Տաշիր» ընկերությունների խումբը, Հայաստանի էլեկտրական ցանցերը «Հայաստանի ներդրողների ակումբի»-ի նախաձեռնությունների շրջանակում ներկայացրել են երկրի էներգետիկ ոլորտում մեկ միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը:  Բաշխման ցանցերում, որոնք 2015 թվականից ընդգրկված են «Տաշիր» ընկերությունների խմբում, գործող էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և առևտրային էներգետիկայի հաշվառման ուղղությամբ ավտոմատ համակարգի ներդրման նպատակով կիրականացնեն 900 մլն դոլարի ներդրումներ: «Տաշիր»-ի կողմից Հայաստանի էներգետիկ ոլորտում ևս մեկ ներդրումային ծրագիր կլինի Շնողի ՀԷԿ-ի կառուցումը: Ծրագրում ներդրումները կկազմեն 200 մլն դոլար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, բացի վերը նշվածից՝ իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր, ինչպիսիք եք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, մայրաքաղաքում նոր բնակարանային համալիրի կառուցումը, իրականացման ընթացքի մեջ է Երևանում «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցման ծրագիրը, որտեղ, բացի բնակարանային համալիրից, կտեղակայվեն հյուրանոցներ, նկարչական խմբակների ու ազգային արհեստների սրահներ: «Գյումրիի պատմական հատվածում իրականացվում է «Կումայրի» արգելոց թաղամասի վերականգնման ծրագիրը: Նախապատրաստական փուլում են համալիր ներդրումային ծրագրեր նաև զբոսաշրջային այլ հիմնական ուղղություններով Հայաստանի տարբեր տարածաշրջաններում: Խոշոր ներդրումային ծրագրեր են մեկնարկել հանքարդյունաբերության, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտներում: Հայաստանում օրեցօր ավելանում  են օրգանիկ և ջերմոցային գյուղատնտեսությունները, որոնց արտադրությունն ունի մեծ պահանջարկ: Ինչպես հայտնի է, Հայաստանն օգտվում է մրգերի և բանջարեղենի վերամշակման, կոնսերվացման, չոր մրգերի և հյութերի արտադրության իր միջազգային հեղինակությունից, ալկոհոլային խմիչքների արտադրանքը դարձել է Հայաստանի այցեքարտը»,- նկատել է ՀՀ վարչապետը:

Նրա համոզմամբ, այս բոլոր ծրագրերի մուլտիպլիկատիվ էֆեկտն, իհարկե, կարտահայտվի աստիճանաբար և սոցիալական ու տնտեսական փոփոխություններին նոր դրական ազդակ կհաղորդի, ինչպես նաև կամրապնդի Հայաստանի հեղինակությունը միջազգային հարթակներում, որպես երկրի՝ որտեղ հարմար է ապրել, հանգստանալ և բիզնես իրականացնել:   

«Ընդհանրապես, պետք է ասեմ, որ մեր հիմնական նպատակներից է՝ առավետագույն հարմարավետ պայմաններ ստեղծել երկրում բիզնես իրականացնելու համար, և հաշվի առնելով վերը նշածս, կարող եմ վստահեցնել, որ այժմ լավագույն ժամանակն է՝ Հայաստանում բիզնես անելու համար»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]