Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Հայաստանը ստորագրել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան

Հայաստանը ստորագրել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության 
կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ, ՀՀ անունից հունվարի 18-ին ստորագրել է  Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ստորագրմանը դեսպան Հովհաննիսյանը նշեց. «Հայ հասարակությունում և, հատկապես, ընտանիքում կնոջ դերը անհնար է գերագնահատել: Հայաստանը սատարում է կանանց և, իհարկե, ընտանեկան բռնության ենթարկված բոլոր անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը և ընտանեկան բռնության վերացմանն ուղղված ԵԽ քաղաքականությունը: Համոզված ենք, որ սույն կոնվենցիան կարևոր գործիք կհանդիսանա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի առավել ամրապնդման համար»:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բատտաինի-Դրագոնին ողջունեց Հայաստանի կողմից առանցքային կարևորություն ունեցող այս կոնվենցիայի ստորագրումը` ընդգծելով ՀՀ հանձնառությունը մարդու իրավունքների ամրապնդման և երաշխավորման հարցում:

Տեղեկանք. Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան ստորագրվել է 2011թ. և ուժի մեջ մտել 2014թ.: Կոնվենցիան նպատակ ունի պաշտպանել կանանց բռնության բոլոր դրսևորումներից և կանխարգելել, դատական կարգով հետապնդել և վերացնել ընտանեկան բռնությունը, ձևավորել բռնության բոլոր զոհերի պաշտպանության և աջակցության համապարփակ շրջանակ, քաղաքականություն և միջոցառումներ, համագործակցության նպատակով աջակցություն տրամադրել կազմակերպություններին և իրավապահ մարմիններին»։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ