ՍԴ պահանջով ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունն արժանացավ կառավարության հավանությանը
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերը մշակվել են ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կիրարկումն ապահովելու նպատակով:
«Առաջարկում ենք ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի մասին 3-րդ մասում «ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ» բառերը փոխարինել «ներկա է ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին բառերով», 4-րդ մասից հանել «բայց ոչ պակաս քան ավագանու անդամների ընդհանուր թիվի մեկ քառորդ» բառերը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Փոփոխություն է առաջարկվում նաև Երևանի մասին տեղական ինքնակառավարման մասին օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներում, որպեսզի դրանք համապատասխանեն ՍԴ որոշմանը: «Առաջարկվում է օրենքը անհետաձգելի համարել, ուղարկել ԱԺ և նոր սահմանադրությանը համապատասխան այն ընդունել, քանի որ ՍԴ նշանակած ժամկետը մարտին ավարտվում է», - ընդգծեց նախարարը։
Նախագծերի ներկայացումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Արտակ Զեյնալյանի ու Էդմոն Մարուքյանի հայցի բավարարմամբ: Հայցն առնչվում էր Վանաձորի ավագանու գործունեությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում