Մանկական բեսթսելեր 4/23. Հարրի Փոթերի մասին պատմող երեք գրքերը ամենավաճառվածների ցանկում են
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Մեր առաջին հորիզոնականում այս անգամ «Մոխրոտը. գիրք համայնապատկեր» գեղեցիկ ու պատկերավոր գիրքն է: Հեքիաթը պատմում է աղքատ գեղեցկուհի Մոխրոտի մասին, որը հրաշագործ կախարդուհու օգնությամբ մասնակցում է թագավորի պալատում անցկացվող պարահանդեսին: Թագավորի որդին` արքայազնը, սիրահարվում է Մոխրոտին, և նրանք ապրում են երկար ու երջանիկ:
Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երկրորդն է: Անդերսենյան գործերը քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
«Երեք պատմվածք Շերլոկ Հոլմսի արկածներից» գիրքը վերադարձել է մեր աղյուսակ` հայտնվելով երրորդ հորիզոնականում: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:
Չորրորդ տեղում «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն է: Այն 2015 թվականին «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության կողմից ճանաչվել է նախորդ տարվա մանկական բեսթսելեր: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը հինգերորդն է: Հեղինակի լավագույն գործերը զետեղված են այդ գրքում:
«Հայկական հեքիաթներ» գիրքը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը: Այն ներառում է զարմանահրաշ ստեղծագործություններ, որոնք մեծ հետաքրքրությամբ են ընթերցում ինչպես փոքրիկները, այնպես էլ` մեծահասակները:
Յոթերորդ տեղում Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքն է: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:
Մեր ցանկ է վերադարձել և ութերորդ հորիզոնականը զբաղեցրել Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»:
Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» գիրքը իններորդն է: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Բլեքը ճակատագրով ինչ-որ կերպ կապված է Հարրիի հետ: Թեև դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Կատարինա Մացուրովայի «Ինչպես ծաղկեց գազարը» գիրքը: Այն արջուկի մասին է, որն ամեն օր ջրում էր բույսը, հովանոցով պաշտպանում արևի ճառագայթներից և երբեք չէր մոռանում քնելուց առաջ բարի գիշեր մաղթել նրան: Բայց բույսը ոչ մի կերպ չէր արձագանքում: «Ախր, ինչու՞ չես ծաղկում»,- տրտում մտածում էր արջուկը: Բայց արի ու տես, որ նա չէր էլ պատկերացնում, թե ի՜նչ է կատարվում հողի տակ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:
Տեղ | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | «Մոխրոտը. Գիրք համայնապատկեր» | Բուկինիստ | 210 | |
2 | Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» | Արևիկ | 106 | |
3 | «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» | Անդրանիկ | 102 | |
4 | «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» | Էդիթ Պրինտ | 100 | |
5 | Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» | Ջի Էս Էմ | 97 | |
6 | «Հայկական հեքիաթներ» | Ջի Էս Էմ | 67 | |
7 | Ջ. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» | Զանգակ | 10 | |
8 | Ջ. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» | Զանգակ | 10 | |
9 | Ջ. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» | Զանգակ | 10 | |
10 | Կատարինա Մացուրովա «Ինչպես ծաղկեց գազարը» | Զանգակ | 7 |
«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում