1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության 2018 թվականի ծրագրերում  ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացն է    

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության 2018 թվականի ծրագրերում  
ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացն է

 

 

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»  միջազգային հասարակական կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն 2017 թվականին Հայաստան-Եվրամիություն համագործակցության ամենանշանակալի իրադարձությունն է համարում նոյեմբերի 24-ին երկու կողմերի միջեւ կնքված համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ կազմակերպության հիմնական ջանքերն ուղղված են եղել հենց այս համաձայնագրի ստորագրման գործընթացին:

«Սա ինչ-որ առումով կանխատեսելի իրադարձություն էր, եւ չնայած որոշ փորձագետներ ունեին կասկածներ, ես անձամբ չէի կասկածում, որ այն կստորագրվի: Այն, բնականաբար, բարձրացնում է Հայաստան-ԵՄ հարաբերությունները մի նոր մակարդակի,  որը գոյություն չուներ նախկինում»,-ասաց նա:

Դիոգո Պինտոյի կարծիքով՝ Հայաստանն այժմ ունի առավելություն՝ լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ ընդլայնելով հարաբերությունները Եվրամիության հետ:

«Այն կարող է այս երկուսի համար լինել երկխոսության հարթակ, որտեղ բոլորը կարող են լինել շահավետ դիրքերում»,-ընդգծեց կազմակերպության ղեկավարը:

Նա նշեց, որ թեպետ կազմակերպության գործողությունների հիմնական առանցքը հենց այս համաձայնագիրն էր, այնուամենայնիվ, տարին հատկանշական էր նաեւ մի շարք այլ օրակարգային հարցերով՝ կապված Հայաստան-ԵՄ հարաբերությունների, արցախյան հակամարտության, Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի,  հայաստանյան խորհրդարանական ընտրությունների հետ:

Անդրադառնալով ԵՄ-Արցախ համագործակցությանը, մասնավորապես, ԵՄ ավելի լայն ներկայացվածությանը Արցախում՝ Դիոգո Պինտոն ընդգծեց, որ այս հարցի շուրջ մեծ աշխատանք են տանում ԵՄ պաշտոնյաների հետ:

«Մենք նրանց համոզում ենք շարժվել մի ուղղությամբ, որն անվանում ենք  «ներգրավվածություն առանց ճանաչման»: Եվրամիությունը ներգրավված է եղել մի շարք տարածքներում դեռեւս նախքան դրանց կարգավիճակի հստակեցումը. ինչու՞ պիտի նույն կերպ չվարվի նաեւ Արցախի պարագայում: Այո, այժմ բանակցություններ են ընթանում Արցախի վերջնական կարգավիճակը հստակեցնելու ուղղությամբ: Դա համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, իսկ Եվրամիությունը  պարզապես սատարում է այդ ջանքերը, բայց սա ամենեւին չի նշանակում, որ ԵՄ-ն պետք է անտեսի, որ այնտեղ կա տարածք, որտեղ ապրում են մարդիկ, առերեսվում են նույն մարտահրավերներին, ինչպես աշխարհի մի շարք այլ երկրներում ապրող մարդիկ: Հատկապես, երբ Եվրամիությունը, հավանաբար, աշխարհում միակ կառույցն է, որն ունի լծակներ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ եւ կարող է ունենալ դրական ազդեցություն, նորից եմ կրկնում, ոչ թե հակամարտության կարգավորման գործընթացի,  այլ այնտեղ մարդկանց կյանքի բարելավման հարցում, ինչը բխում է բոլորի շահերից: Իսկ միակ կողմը, որը, կարծես թե, չի համաձայնում սրան, Ադրբեջանն է:  Ինձ համար սա  անհասկանալի է եւ չպետք է ընդունելի լինի նաեւ Եվրամիության համար»,-նշեց նա:

Կազմակերպության ղեկավարը տեղեկացրեց, որ 2018 թվականին արդեն իսկ աշխատելու են ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի վավերացման գործընթացին նպաստելու ուղղությամբ:

«Պետք է նպաստենք գործընթացի արագացմանը, որպեսզի կարողանանք անցնել հաջորդ քայլերին, իսկ որպես հաջորդ կարեւորագույն քայլ ես կնշեմ վիզայի ռեժիմի ազատականացման հարցը: Պետք է մեկնարկի երկխոսությունը, որի հարցում, կարծում եմ,  երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել, սակայն կան պայմաններ, որոնց համապատասխանեցման դեպքում միայն հնարավոր է այս ամենը իրականացնել: Իհարկե, գործընթացի հիմնական մասը կախված է  Հայաստանից, սակայն չեմ ցանկանա Եվրամիությանը ազատել իր պարտավորություններից, քանի որ այն կարեւոր դեր ունի Հայաստանում Հայիրականացվող բարեփոխումներին աջակցելու համատեքստում թե ֆինանսական, թե քաղաքական առումով»,- ասաց Դիոգո Պինտոն եւ հավելեց, որ 2018 թվականը Հայաստանի եւ Արցախի համար իրադարձություններով լի տարի է, ինչը  կազմակերպությունն օգտագործելու է Հայաստանի և Եվրոպայի  կապերն առավել ամրապնդելու համար:

 Սյուզի Մուրադյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]