Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Ֆիլիպ Ֆյուրին կարևորում է զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը


ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆյուրին կարևորում է զինված ուժերի նկատմամբ պատշաճ խորհրդարանական վերահսկողության իրականացումը: Ազգային ժողովում «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարի ընթացքում Ֆիլիպ Ֆյուրին ընդգծեց, որ զինված ուժերի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար խորհրդարանին անհրաժեշտ են ոչ միայն սահմանադրական լիազորություններ, այլ նաև դա իրականացնելու անհրաժեշտ մեխանիզմներ: «Ընդհանրապես ժողովրդավարական երկրներում ժողովուրդն ընտրում է խորհրդարանը, ասում է, որ ցանկանում ենք, որպեսզի խորհրդարանը մեզ ներկայացնի: Խորհրդարանն էլ ձևավորում է հանձնաժողովներ, որոնք իրականացնում են վերահսկողություն տարբեր ոլորտների նկատմամբ և հանրությանը ներկայացնում են այդ վերահսկողության արդյունքները: Սակայն վերահսկողություն իրականացնելու համար միայն սահմանադրական լիազորությունները բավարար չեն: Անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողովներին տրամադրել համապատասխան մեխանիզմներ, որպեսզի այդ վերահսկողությունը լինի պատշաճ և արդյունավետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ֆյուրին:

Ֆիլիպ Ֆյուրին ընդգծեց, որ խորհրդարանական վերահսկողությունը գործընթաց է, որը նման է նվագախմբում առկա համագործակցության: Նրա խոսքով՝  տարբեր գործիքներ են անհրաժեշտ, որպեսզի ստացվի ճիշտ ու գեղեցիկ երաժշտություն: «Եթե դուք փորձեք միայն վերահսկել, թե որ երաժիշտն ինչպես է նվագում, չեք ստանա այն երաժշտությունը, որը ցանկանում եք: Նույնն էլ խորհրդարանական վերահսկողությունն է: Խորհրդարանին անհրաժեշտ են համապատասխան գործիքներ, որպեսզի գործնականում կարողանա իրականացնել Սահմանադրությամբ իրեն տրված վերահսկողական լիազորությունները»,- պարզաբանեց Ֆյուրին:

Խորհրդարանական պատշաճ վերահսկողություն ապահովելու գործում նա կարևորում է նաև պատգամավորների պատրաստվածության աստիճանը: Նրա խոսքով՝ այդ գործով պետք է զբաղվեն պատգամավորներ, ովքեր պատրաստված են, գիտեն իրենց անելիքը և քայլերը, որոնք անհրաժեշտ են սահմանադրական իրենց լիազորությունները իրականացնելու համար:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ