Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը կլինի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը մերձեցնելու առաջամարտիկը. ՀՀ փոխվարչապետ

 Հայաստանը կլինի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը մերձեցնելու առաջամարտիկը. 
ՀՀ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ձեռքբերում է, որը միտված է կողմերի միջև համագործակցության ընդլայնմանը և խորացմանը: Ազգային ժողովում համաձայնագրի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Այս համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական զարգացմանը, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կայունացման ամրապնդմանը: Համաձայնագրով ամրապնդվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակները, որոնք խթան և հիմք կհանդիսանան հետագա համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գաբրիելյանը:

Փոխվարչապետն ընդգծեց, որ մանրամասն քննարկել են ԵՄ-ի հետ արդեն ստորագրված համաձայնագրի և ինտեգրացիոն գործընթացների համատեղումը: «Ես կարող եմ ասել, որ փաստաթուղթը պարունակում է համատեղելիություն Հայաստանի բոլոր պարտավորությունների հետ և այդ համատեղելիության շրջանակներում հնարավորություն է տալու Հայաստանին խորացնել համագործակցությունը թե Եվրասիական տնտեսական միության, թե Եվրոպական Միության շրջանակներում»,- ասաց ՀՀ փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանը հստակեցրեց, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր շրջանակային համաձայնագիրը, բնականաբար, առևտրային չէ, սակայն տնտեսական հարաբերությունների բազմաթիվ կանոնակարգումներ է պարունակում: «Սա նշանակում է, որ մենք չենք խոսում միայն ժողովրդավարության, ինստիտուցիոնալ բարեփոխումների և քաղաքական երկխոսության մասին: Համաձայնագիրն ունի նաև տնտեսական հնարավորություններ»,- նշեց փոխվարչապետը:

Նա կարծիք հայտնեց, որ այս իրավիճակը, երբ Եվրոպական Միությունն առաջին անգամ նման համաձայնագիր ստորագրեց Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի հետ, հնարավորություն կտա մերձեցնել երկու կառույցների փոխգործակցության հնարավորությունները: «Հայաստանը կլինի այն առաջամարտիկը, որն այդ ձևաչափերն առաջինը կփորձի ներդնել: Այս առումով այս համաձայնագիրը ոչ միայն կարևոր է երկկողմ հարաբերությունների, այլ նաև միջազգային հարաբերությունների տեսանկյունից՝ համագործակցության նոր ձևաչափեր որոնելու, գտնելու և ակտիվ իրականացնելու առումով: Կարծում եմ, որ այս համաձայնագրի շնորհիվ մենք կունենանք ավելի ընդլայնված երկխոսություն Եվրոպական Միության հետ ոչ միայն փոխադարձ շփումներն ավելացնելու, այլ նաև ինստիտուցիոնալ կառույցների բարեփոխման առումով: Մենք գտնում ենք, որ այն կարևոր ուղղություն է Հայաստանի հետագա զարգացման տեսանկյունից»,- շեշտեց Վաչե Գաբրիելյանը:

Եզրափակելով խոսքը՝ փոխվարչապետը նկատեց, որ Հայաստանը իրեն համարում է և եվրասիական տնտեսական տարածքի, և եվրոպական քաղաքակրթության մաս և առաջ է շարժվում այդ տրամաբանությամբ՝ որդեգրելով «և-և»-ի քաղաքականությունը:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am