Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արդարադատության համակարգի աշխատանքից բավարարված է հանրության 33 տոկոսը

Արդարադատության համակարգի աշխատանքից բավարարված է հանրության 33 
տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքներով՝ հայ հանրության 33 տոկոսը բավարարված է արդարադատության համակարգից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 28-ին ծրագրի ամփոփմանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար , արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցուցանիշը որակեցին բավականին բարձր:

«ԵՄ-ի համար այս մոնիտորինգի ծրագիրը շատ կարևոր է: Մեր առաջնահերթություններից է ընդլայնել աջակցությունը ՀՀ կառավարությանը և այն շահագրգիռ կողմերին, որոնք իրականացնում են շատ հավակնոտ խնդիր՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներ կատարելու համար: Իմ կարծիքով՝ հանրության 33 տոկոսի բավարարվածությունը բավականին բարձր ցուցանիշ է: Թվերը բավականին բարձր են, սակայն կարծում եմ, որ այդպիսի ուսումնասիրություններն օգտակար են, երբ իրականացվում են ժամանակ առ ժամանակ»,-ասաց Սվիտալսկին ու հավելեց՝ կքաջալերեն ՀՀ կառավարությանը պարբերաբար իրականացնել հետազոտություններ և ճանաչել հանրային կարծիքը:

Սվիտալսկին դատաիրավական համակարգում շատ կարևորեց հանրային ընկալումը, քանի որ հանրությունն է ցանկացած բարեփոխման արդյունավետության դատավորը: «Սակայն մարդիկ շատ զգացմունքային են, երբ կարծիք են հայտնում դատաիրավական համակարգի վերաբերյալ: Բացի այդ՝ կարծիքները հաճախ խիստ դրվագային են, քանի որ ընդհանուր դատողություններն արվում են առանձին դեպքի հիման վրա: Նույնիսկ կայացած դատաիրավական համակարգ ունեցող երկրներում մարդիկ երբեք լիարժեք բավարարված չեն լինում արդարադատության համակարգից: Հայերը շատ նման են բոլոր եվրոպացիներին, համակարգում այն իրողությունները, որոնք տխրեցնում են եվրոպացիներին, տխրեցնում են նաև հայերին»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցանկացած երկրի զարգացման համար շատ կարևորեց արդարադատությունը: «Հանրության 33 տոկոս բավարարվածության աստիճանը, պետք է նշեմ, որ բավականին բարձր ցուցանիշ է, եթե համադրենք այլ երկրների հետ: Սակայն, դա չի նշանակում, որ մենք պետք է հանգստանանք: Այս մոնիտորինգը հնարավորություն ընձեռեց պարզելու, թե հանրության տեսանկյունից որ կետերի վրա պետք է կենտրոնանալ»,-ասաց Հարությունյանը:

Սակայն հանրային ընկալումը միշտ չէ, որ արտացոլում է օբյեկտիվ իրականությունը: Հաճախ համակարգում ներդրվում են գործիքներ, որոնք տալիս են իրենց արդյունքը, սակայն պատշաճ չներկայացնելու պատճառով մարդիկ չեն տեղեկանում դրանց մասին: Հանրությանը պետք է մասնակից դարձնել ցանկացած ծրագրերի և նորամուծությունների: Նախարարի խոսքով՝ այս առումով յուրաքանչյուր օրենսդրական նոր նախաձեռնություն ներկայացնում են «e-draft» կայքում, որպեսզի տեսնեն հանրության ընկալումը: Իհարկե, այլ մեխանիզմներ ևս ներդրվելու են:

«ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայում ավարտում է հաջորդ հնգամյակի ռազմավարական ծրագրի մշակումը: Այս ծրագրի շրջանակում ծնված նյութը մեծապես նպաստել է մեր առաջնահերթությունները սահմանելուն:  Աշխատանքները շարունակվում են»,-նշեց Հարությունյանը:

«Արդարադատության մոնիթորինգ» ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am