Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Վարդենիս քաղաքը ցավով ու հպարտությամբ հրաժեշտ տվեց իր զինվոր զավակ Սարգիս Մելիքյանին


ԳԱՎԱՌ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր զինվորական կարգով հուղարկավորվեց Հայոց բանակի ժամկետային զինծառայող, սակրավոր, օրեր առաջ մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված եւ Արցախի նախագահի հրամանագրով ետմահու «Մարտական ծառայության մեդալի» արժանացած Սարգիս Մելիքյանին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուղարկավորությանը մասնակցեցին Սարգիս Մելիքյանի զորամասի հրամանատարներ ու ծառայակից ընկերներ, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինկոմիսարիատի ղեկավար կազմը եւ աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Վարդենիսի համայնքապետարանի, Վարդենիսի տարածքի իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասը, Վարդենիս քաղաքի եւ շրջակա համայնքների հազարավոր բնակիչներ:

Զոհված քաջորդու հայրական տանը դեռ նոյեմբերի 23-ից վերջին հրաժեշտի այց էին կատարում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիների ղեկավարներ ու աշխատակիցներ, Սարգիս Մելիքյանի համաքաղաքացիները, դասընկերներն ու հարազատները: Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ հոգեհանգստյան կարգ կատարեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը: «Սարգիսն աչքի էր ընկնում հայրենասիրությամբ, մարտական բարձր պատրաստվածությամբ, պարտաճանաչությամբ ու զինվորական կարգապահությամբ:

Սիրված ու հարգված էր հրամանատարների, ծառայակիցների կողմից: Նա զոհվեց իր ծառայողական պարտականությունները հայրենիքի հանդեպ կատարելիս, ինժեներական աշխատաքների իրականացման ժամանակ, երբ դեռ ծաղկուն տարիքում էր, երբ ուներ մեծ նպատակներ ու երազանքներ: Նրա եւ ծառայակից ընկերների կորուստը մենք տանում ենք ցավով ու հպարտությամբ»,-նշեց Սարգսի զորամասի հրամկազմի ներկայացուցիչը՝ վերջում ընթերցելով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը՝ ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի մարտիկ Սարգիս Մելիքյանին «Մարտական ծառայության մեդալով» պարգեւատրելու մասին: Սարգիս Մելիքյանի աճյունը հայրենի հողին հանձնվեց զինվորական կարգով՝ համազարկերի եւ զինվորական նվագախմբի հնչյունների ներքո:

«Մեր քաղաքի մարդիկ անհուն վիշտ են ապրում Սարգսի կորստյան համար, բայց հպարտանում են, որ հայրենիքին գիտակից ու նվիրված զինվոր են պարգեւել, ով իր մատաղ կյանքը զոհաբերեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Նրա անունն այլեւս մեր քաղաքի հավերժ հիշվող ու անմահացած մարդկանց շարքում է»,-նշեցին մի խումբ վարդենիսցիներ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ