Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Երևանյան բեսթսելեր 4/87. Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը» գիրքն ամենավաճառվածներից է


ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը:

Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին: Խմբագիրն է Ռոբ Մանուկյանը:

Երկրորդ հորիզոնականում նոր գիրք է: Լիա  Ասատրյանի «Կյանքը ու ես» բանաստեղծությունների ժողովածուն ներառում է 2007-2017 թվականներին գրված հայերեն և անգլերեն բանաստեղծություններ՝ ամփոփված «Երկու բարդի և այլ բանաստեղծություններ», «Սևակին», «Քեզնից հետո՝ միշտ քեզ հետ», «Հեռացում և դարձ» և այլ շարքերում: Բանաստեղծուհին գիրքը նվիրում է պապիկի՝ գրականագետ Սերգեյ Սարինյանի հիշատակին: Գիրքը խմբագրել է Գալյա Հովհաննիսյանն է:

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն վերադարձել է մեր ցանկ և երրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գիրքը չորրորդն է: Դրանում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն և միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ժողովածուն թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել՝ Գալյա Հովհաննիսյանը:

Հինգերորդ տեղում Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը շրջելուց շատ հետո: Գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք: Վիպակը լույս է տեսել Ռուզան Ազիզյանի թարգմանությամբ, խմբագիրն է Արմեն Սարգսյանը:

Մեր ցանկ է վերադարձել և վեցերորդ հորիզոնականը զբաղեցրել հայ ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» ստեղծագործությունը: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ», բայց նաև հերոսական տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ Գիրքը խմբագրել է Արմինե Բոյաջյանը:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը յոթերորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի «ընտանիքը» տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Թարգմանել է Լուսինե Հարոյանը, խմբագրել՝ Ազնիվ Նասլյանը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը զիջել և ութերորդ տեղում է հայտնվել Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունը: Վեպը պատմում է նկարչի մասին, ով, ծանոթանալով Դորիան Գրեյի հետ, սիրում է նրան: Գրքում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականն արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է։ Թարգմանել է Ռիմա Խաչատրյանը, խմբագրել՝ Աշոտ Գաբրիելյանը:

Երկրորդից իններորդ հորիզոնական է իջել Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը: Այն արծարծում է ինքնության որոնման թեման ճակատագրապաշտության իշխող մոտիվով: Գրքում զուգորդված են «Ռոստամ և Զոհրաբի», «Էդիպ արքայի» սյուժեները՝ յուրօրինակ փոխակերպմամբ: Գիրքը թուրքերենից թարգմանել է Արփի Աթաբեկյանը, խմբագրել՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ֆրեդերիկ Բեգբեդերի «99 ֆրանկ» վեպը: Այն հատկանշվում է գովազդային բիզնեսի՝ խելագար ու անհասկանալի այդ աշխարհի սպանիչ ծաղրով, աշխարհ, որտեղ բոլորն արհամարհում են միմյանց, և որտեղ անիմաստ կորչում է մարդկային հոգևոր ներուժը: «99 ֆրանկը» նաև սադրիչ վեպ է`գրված ժամանակի ոգով և բանավեճային տարերքով: Ֆրանսերենից թարգմանել է Ռուզան Միրզոյանը, խմբագրել է Շողեր Խաչատրյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ

Փոփ. 

Գիրք Հրատ.

Քանակ 

1 0

Նարինե Աբգարյան

«Մանյունյա»

Լուսաբաց 147
2 Նոր

Լիա Ասատրյան

«Կյանքը ու ես»

Էդիթ Պրինտ 36
3 *

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 33
4 Նոր

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

«Մարդկանց երկիրը»

Էդիթ Պրինտ 30
5 *

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

Վերնատուն 18
6 *

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

Ասողիկ 15
7 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 11
8 -5

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 10
9 -7

Օրհան Փամուք

«Կարմրահեր կինը»

Անտարես 5
10 Նոր

Ֆրեդերիկ Բեգբեդեր

«99 ֆրանկ»

Անտարես 5

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:



Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ