Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գարրի Գալստյանի հիշատակին  

Գարրի Գալստյանի հիշատակին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում 78 տարեկանում իր մահկանացուն կնքեց «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից Գարրի Գալստյանը։ Դժբախտաբար, ավագ սերնդի արմենպրեսականների շարքերը նոսրանում են։ Այս տարվա կեսերին մենք հրաժեշտ տվեցինք մեր ընկերներից մեկին, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ, մոտ հինգ տասնյակ գրքերի հեղինակ Վանիկ Սանթրյանին։ Հիմա էլ՝ Գարրին։ Նվազում է այն մարդկանց թիվը, ովքեր տասնյակ տարիներ ստեղծագործել են Հայաստանի առաջատար գործակալությունում և, երևի թե, սպասում էին հարազատ օջախի 100-ամյա հոբելյանին, որը կլրանա  2018 թվականի դեկտեմբերին։

 Գարրի Գալստյանը ծնվել է Թբիլիսիում 1939 թվականի հուլիսի 11-ին։ Դպրոցն ու համալսարանն ավարտել է ծննդավայրում։ 1962 թվականին, ավարտելով Թբիլիսիի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետը, նա ռուսաց լեզու և գրականություն է դասավանդում Վրաստանի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Գարդաբանի գյուղաքաղաքի միջնակարգ դպրոցում։ Շատ շուտով նա զգում է, որ իր կոչումը լրագրությունն է և աշխատանքի է անցնում Վրաստանի պետական ինֆորմացիոն գործակալությունում՝ «Գրուզինֆորմ»-ում։ Շուրջ հինգ տարի նա աշխատում է այնտեղ, ապա 1968 թվականի փետրվարին տեղափոխվում է Երևան։  «Վրացինֆորմ»-ից ազատվելուց ընդամենը երեք օր անց նա արդեն աշխատում էր «Արմենպրես»-ում։ Լինելով ռուսագիր լրագրող՝ նա դառնում է միութենական մամուլի և արտասահմանի համար տրվող ինֆորմացիայի խմբագրության թղթակից։ Ապրելով և աշխատելով Երևանում՝ Գարրին հասկանում է, որ իրեն օդի ու ջրի պես անհրաժեշտ էր իմանալ մայրենի հայերենը։ Եվ նա սովորեց հայերեն գրել-կարդալ։ Ճիշտ է, հայերեն չէր գրում, բայց ազատ օգտվում էր ցանկացած փաստաթղթից։

Գարրի Գալստյանը, սակայն, ընտանեկան հանգամանքներից ելնելով, երկու անգամ ազատվել է աշխատանքից և մեկնել Թբիլիսի՝ հիվանդ մորը խնամելու։ Վերջին անգամ նա կրկին վերադարձել է «Արմենպրես»-ից 1991 թվականի հոկտեմբերին։Այս անգամ նա մեր գործակալությունում աշխատեց մինչև 2001 թվականի հուլիսը, իսկ վերջին տարիներին մեկնեց Մոսկվա, որտեղ ապրում և աշխատում էր իր մինուճար որդին։ Այնտեղ էլ 2017 թվականի նոյեմբերի 16-ին նա կնքեց իր մահկանացուն։

 Մեր սիրելի գործընկերոջ, շնորհալի լրագրողի և հայրենասեր քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտում։

 

ԱՐՄԵՆՊՐԵՍԱԿԱՆՆԵՐ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am