Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը

Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ 
կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը նոյեմբերի 16-ին հանդիպում ունեցավ Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահ Խորխե Կառլոս Ռամիրես Մարինի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորգանա Խիմենեսի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Մեքսիկա միջպետական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությանը: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներին Հայաստանի և Մեքսիկայի օրենսդիր մարմինների միջև հաստատվել է ակտիվ երկխոսություն, որի արդյունքում ձևավորվել է երկու խորհրդարանների միջև համագործակցության օրակարգ:

Դեսպան Այվազյանը բարձր գնահատեց Մեքսիկայի Պատգամավորների պալատում Հայաստանի հետ գործող բարեկամության խմբի պատվիրակության վերջերս Հայաստան և Արցախ կատարած այցը, որը նոր հեռանկարներ է ստեղծել տարբեր բնագավառներում փոխգործակցության խորացման համար:

Պատգամավորների պալատի նախագահը և Հայաստանի դեսպանը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ: Ստորին պալատի նախագահն ընդգծեց, որ Մեքսիկան, որի սահմանադրությունում ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, որպես Հայաստանի բարեկամ երկիր աջակցում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպեց նաև Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի անդամներին, որոնց հետ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am