Արցախ

Հայ դատի հանձնախումբը գոհունակություն է հայտնում ԵԽ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևի կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

Հայ դատի հանձնախումբը գոհունակություն է հայտնում ԵԽ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը գոհունակություն է հայտնում Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևի կապակցությամբ,որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարապետյանը հիշեցրեց, որ գալիք շաբաթ գումարվելու է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրել համագործակցության նոր համաձայնագիրը:

«Ընդհանրապես նման գագաթնաժողովներից առաջ Եվրոպական խորհրդարանը բանաձևով իր տեսակետներն է հայտնում և առաջարկությունները ներկայացնում՝ գործընկերության շարունակության շուրջ: Այս տարի էլ ունեցանք քվեարկություն Եվրոպական խորհրդարանում ու այդ բանաձևում անդրադարձ է կատարվում Արցախի հարցին՝ հայտնվում է հավասարակշռված տեսակետ: Այնտեղ նշվում է, որ Եվրոպական միությունը և Եվրոպական խորհրդարանը աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները պետք է անցկացվեն երեք հիմնական սկզբունքների շուրջ, որոնք են՝ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը: Սա հավասարակշռված բանաձև է: Մենք գոհունակություն ենք հայտնում, քանի որ բանակցություններն ընթանում են այս երեք սկզբունքների հիման վրա»,- ասաց Կարապետյանը՝ կարևորելով նաև բանակցություններին Արցախի մասնակցությունը:

Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահը նշեց, որ բանաձևը սխալ մեկնաբանությամբ նախապես քվեարկվել էր Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն Հայաստանի դեսպանության և Հայ դատի հանձնախմբի համակարգված աշխատանքների արդյունքում փոխվել է այն: «Սկզբում բանաձևում նշվում էր միայն ուժի կիրառման բացառումն ու տարածքային ամբողջականության սկզբունքը: Մեր աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ պատասխանատուներին համոզել, որ պետք է լինել արդար, հավասարակշռված ու նշել նաև ազատ ինքնորոշման իրավունքը, ինչը հիմնական սկզբունքներից մեկն է, որոնց հիման վրա տեղի են ունենում բանակցությունները»,- ասաց Կարապետյանը:

Այս բանաձևն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում,քանի որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ այն սահմանում է համագործակցության ակնկալիքները,ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը,ուստի զարմանալի չէր,որ ադրբեջանական կողմը,մեծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիմնական ուղերձը և դրա տրամաբանությունը խաթարելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում