Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 և կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյանները նշվեցին մեծ շուքով

Կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 և կոմպոզիտոր 
Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյանները նշվեցին մեծ շուքով

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի նախկին և ներկա ուսանողները, դասախոսները տպավորիչ երաժշտական կատարումներով շնորհավորեցին իրենց հարազատ ամբիոնի 20, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի 70, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի 50-ամյակները: Միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

 «1997 թվականին կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանն ինձ կանչեց և ասաց, որ պատրաստվում է էստրադային-ջազային երաժշտության ամբիոն բացել: Նրա, Մարտին Վարդազարյանի հետ կարողացանք ստեղծել մի ամբիոն, որը ներկայումս ամենահամերաշխն է կոնսերվատորիայում:

Մեծ ձեռքբերում եմ համարում այն, որ մենք հրաշալի կադրեր ենք տալիս, և մեր երգիչ-երգչուհիները, երաժիշտները մրցունակ են ամբողջ աշխարհում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Երվանդ Երզնկյանը: Նա հավելեց՝ ամեն տարի այդ ամբիոն է ընդունվում 15-16 ուսանող, և այն ապրում է բուռն ստեղծագործական կյանքով:

«Ես չէի պատկերացնում, որ ակադեմիական երաժշտության կողքին էստրադային-ջազային ամբիոնը կարող է  այսքան հաջող գործել: Այն հրաշալի կադրեր է պատրաստել, իսկ այս համերգային ծրագիրը յուրատեսակ հաշվետվություն է»,-ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:

Համերգային ծրագիրն իրականություն դարձավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ասաց, որ միջոցառումը լրացնում է երիտասարդական մյուս տոների շարքը: «Նոյեմբերի 10-ին  երիտասարդության համաշխարհային տոնն էր, նոյեմբերի 17-ին ուսանողների միջազգային տոնը: Մենք հինգ տարի անընդմեջ բազմաբնույթ միջոցառումներ ենք իրականացնում:

Երվանդ Երզնկյանի 70, կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի 50-ամյակներին նվիրված համերգային ծրագրով ուսանողներին հնարավորություն ենք տալիս շնորհավորել հոբելյաններին՝ կատարելով հայտնի և գեղեցիկ ստեղծագործություններ»,-եզրափակեց Ավագյանը:

Միջոցառմանը ներկա էին Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Նաիրա Մանուչարյանը, Էմմա Ասատրյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Քրիստինե Պեպելյանը և այլք: Նրանք ամբիոնի նախկին և ներկա սաներ են: Համերգին հանդես եկան նաև դասախոսները: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am