Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ փոխխոսնակի աշխատասենյակում հանդիպումից հետո ուսանողները դադարեցնում են հացադուլը և վերադառնում նորմալ դասապրոցեսի

ԱԺ փոխխոսնակի աշխատասենյակում հանդիպումից հետո ուսանողները դադարեցնում 
են հացադուլը և վերադառնում նորմալ դասապրոցեսի

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի առնչությամբ դժգոհություն ունեցող ուսանողներն Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում հանդիպումից հետո հայտարարեցին հացադուլը դադարեցնելու և նորմալ դասապրոցեսի վերադառնալու մասին: Հանդիպմանը միացել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես», հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ուսանողներից Դավիթ Պետրոսյանն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում իրենք առաջարկել են կազմակերպել կլոր սեղան-քննարկում, որին հնարավորություն կունենան մասնակցել հանրության հնարավորինս լայն շերտեր: «Պատգամավորները բավարարել են մեր առաջարկը, և մենք գտնում ենք, որ այս պահին սա լավագույն լուծումն էր: Մենք դադարեցնում ենք հացադուլը և դասադուլը, քանի որ դրանք ընդամենը միջոց էին մեր ձայնը լսելի դարձնելու համար: Մենք կարողացանք լսելի դարձնել մեր ձայնը»,-  ընդգծեց նա:

Դավիթ Պետրոսյանը նաև նշեց, որ կլոր սեղան-քննարկումից հետո, երբ կներկայացնեն իրենց փաստարկները, առաջարկները, կտեսնեն, թե ինչ արդյունքներ կլինեն, կորոշեն իրենց քայլերը: «Այս պահին մենք հասանք նրան, որ կազմակերպենք քննարկում, որին կմասնակցեն հանրության հնարավորինս լայն շերտեր: Մեզ ասել են, որ եթե մենք կարողանանք ապացուցել, որ արդեն ընդունված օրենքում սխալներ կան, պատրաստ կլինեն փոփոխությունների: Մենք պատրաստ ենք քննարկմանը և կներկայացնենք մեր առաջարկները»,- մանրամասնեց Պետրոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ պատգամավորներն ընդառաջ են գնացել իրենց խնդրանքին և երաշխավորել են, որ դասադուլ արած ուսանողների նկատմամբ ճնշումներ չեն իրականացվի: «Կարծում ենք կլոր սեղանն այս պայմաններում լավագույն տարբերակն է: Մեր նպատակը մեր ձայնը բարձրացնելն էր, և այս պահին սա եղած տարբերակներից լավագույնն է: Սա հնարավորություն է, իսկ թե ինչպես այն կիրացնենք, կախված է մեզանից»,- հավելեց Պետրոսյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտնեց, որ կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին: «Մենք նոյեմբերի 22-ին Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի գլխավորությամբ կկազմակերպենք կլոր սեղանի ձևաչափով հանրային լսումներ, որի ընթացքում կքննարկենք թե տարկետման, թե ուսանողների խնդիրները: Այդ ամենը լինելու է հրապարակային: Մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ձայնը: Մենք ուսանողներին խնդրել ենք, որպեսզի դադարեցնեն դասադուլն ու հացադուլը, որովհետև դրանք ինքնանպատակ չեն: Դասադուլ անում են, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն, մենք լսեցինք նրանց ձայնը»,- ընդգծեց Շարմազանովը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am