Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/85. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը ամենավաճառվածների ցանկում է

 Երևանյան բեսթսելեր 4/85. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը 
ամենավաճառվածների ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գիրքը խմբագրել է Դավիթ Գյուրջինյանը:

Երկրորդ հորիզոնականում 10-րդ դարի խոշորագույն բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է: Այն բանաստեղծի սրտի խոսքն է, աղոթքը, ներքին մենախոսությունը՝ ուղղված երկնային տիրոջը՝ բարձրյալին: Կազմված է ավելի քան 10 000 տողից: Պոեմի հատվածները լույս են տեսել դեռևս 1513 թվականին Վենետիկում: Ամբողջությամբ հրատարակվել է 1673 թվականին Մարսելում։

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և երրորդ հորիզոնականը զբաղեցրել  Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո: Գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք: Վիպակը լույս է տեսել Ռուզան Ազիզյանի թարգմանությամբ, խմբագիրն է Արմեն Սարգսյանը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը զիջել և չորրորդ տեղն է գրավել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» այս շաբաթ հինգերորդն է: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ Խմբագրել է Արմինե Բոյաջյանը:

Ֆրանսիացի մեծագույն նովելիստ Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ»-ը բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է: Մոպասանի ստեղծագործությունների թեմաները` սեր, պատերազմ, բարոյականություն, սոցիալական անարդարություն, կապված են դարաշրջանի և իր անձնական կյանքի հետ: Նրա գրական ժառանգությունը համայն աշխարհի ընթերցասեր հասարակության չթուլացող հետաքրքրության առարկան է: Նովելներն ընտրել և խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն կրկին մեր ցանկում է և յոթերորդն է: Այն հեղինակի առաջին գիրքն է, որը կարճ ժամանակում դարձել է բեսթսելեր: Ժողովածուն սիրո և նվիրման յուրօրինակ ձոներգ է: Վեց հրատարակություն է ունեցել: Խմբագրել է Դավիթ Գյուրջինյանը:

Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունը վերադարձել է մեր ցանկ և ութերորդն է: Վեպը պատմում է նկարչի մասին, ով, ծանոթանալով Դորիան Գրեյի հետ, սիրում է նրան: Գրքում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականն արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է։  Թարգմանել է Ռիմա Խաչատրյանը, խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Իններորդ տեղում նոր գիրք է: Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» վեպը ժամանակակից ավստրիական գրականության ամենաընթերցվող գործերից է։ Երեսունը բոլորած լամպավաճառ Յուդիթի ու Հանեսի սերը ընթերցողին տարակուսանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, որի մասին կարող է երազել միայնակ կինը։ Սակայն անընդհատ ուշադրության ու անսպառ կրքի հետևում թաքնված են հիվանդագին ապրումներն ու նկրտումները։ Ծաղկեփնջերի ու հաղորդագրությունների հոսքը հոգեբանական ահաբեկության մեջ է գցում հերոսուհուն, սակայն Հանեսի սերն ու կիրքը արդեն նրա համար թակարդ էին, որից դուրս գալը հոգեբանական մեծ ճիգեր և ուժ է պահանջում: Թարգմանել է Լիանա Սաֆարյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության: Տաղեր» գիրքը: Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Նարեկացին «Մատյան ողբերգության. Տաղեր» գրքում իր աստվածային հավատը վերածում է խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: 
     Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, ով դասվել է սրբերի շարքը և հավերժական փառք նվաճել իր աստվածային հանճարով:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 22
2 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

ՄՀՄ Գրատուն 14
3 *

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

Վերնատուն 13
4 -3

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 12
5 +1

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

Ասողիկ 11
6 +3

Գի դը Մոպասան

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 11
7 *

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 10
8 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 8
9 Նոր

Դանիել Գլաթաուեր

«Հավերժ քոնը»

Զանգակ 5
10 Նոր

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության: Տաղեր»

Զանգակ 5

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]