Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

Շիրակի մարզում անցկացվել է 3-րդ համապետական շաբաթօրյակը

Շիրակի մարզում անցկացվել է 3-րդ համապետական շաբաթօրյակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համապետական շաբաթօրյակն այս անգամ Շիրակի մարզի 79 համայնքներում միավորել էր շուրջ 20 հազար մասնակցի` 335 աշխատանքային տեղամասերում, ինչպես նաև 78 ինքնաթափ մեքենա, 9 բարձիչ մեխանիզմ և 35 էքսկավատոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակն անցկացրել է Շիրակ օդանավակայան տանող հատվածում:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է շաբաթօրյակների անցկացումը. «Այս անգամ մենք ընտրել ենք դեպի օդանավակայան գնացող հատվածը, քանի որ մարզ այցելող զբոսաշրջիկի կամ գործարարի հենց աչքի առաջ եթե մենք կեղտադաշտ ենք ի ցույց դնում, ապա հավանականությունը, որ մարդիկ կրկին կայցելեն մեր մարզ կամ գործարարությամբ կզբաղվեն, խիստ ընկնում է: Այսպիսի շաբաթօրյակները, հատկապես ի բարօրություն աճող սերնդի է, որպեսզի մեր երեխաները այնպիսի մթնոլորտում մեծանան, որ անընդունելի համարեն ցանկացած վայրում աղբ նետելը: Շաբաթօրյակները կետային լուծումներ են աղբահանության խնդրի կարգավորման առումով, սակայն մենք կամաց-կամաց գնում ենք առաջ, մեթոդական ու բացատրական աշխատանքներն էլ իրենց արդյունքներն են տալիս: Շիրակի մարզը գոնե իրավաբանական հետ կնքված պայմանագրերի թվով մյուս մարզերի հետ համեմատած առաջին տեղում է, բացառությամբ Երևանի: 5000 ձեռնարկություններից 2000-ի հետ արդեն կան կնքված պայմանագրեր: 2018-ի սկզբին արդեն նախատեսում ենք այս գործընթացն ավարտին հասցնել»,- ասել է Խաչատրյանը:

Նշենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում մարզում արձանագրված 337 աղբավայրերից, որոնք զբաղեցնում էին 35.5 հա տարածք, փակվել, տեղափոխվել է 228 աղբավայր: Մարզում այժմ շահագործվում է 87 աղբավայր, մնում է փակելու 22-ը, դրանց փակման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, նախագծա-նախահաշվային աշխատանքներն իրականացված են:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ