Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հայ բժիշկները կունենան մաշկի փոխպատվաստման նոր հնարավորություններ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հայ բժիշկները 
կունենան մաշկի փոխպատվաստման նոր հնարավորություններ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիան «Ստեփան Գիշյան» բարեգործական  հիմնադրամի հատկացրած դրամաշնորհային միջոցներով մարդու ճարպային հյուսվածքներից առանձնացվող ցողունային բջիջներ պահող ինկուբատոր սարք է ձեռք բերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ինստիտուտի ներկայացրած ծրագիրը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթած 4 ծրագրերից մեկն է:

Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի վարիչ Զարուհի Կարաբեկյանն ընդգծում է՝ նախկին ինկուբատորիան բջիջների կենսունակ վիճակը պահպանելու համար չէր ապահովում բավարար պայմաններ: «Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիան դիմեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրին ժամանակակից սարք գնելու համար: Ծրագիրը հաստատվեց, ու այսօր արդեն ցողունային բջիջները մարդու օրգանիզմին ամենամոտ միջավայր ապահովող ինկուբատոր ունեն: Շատ լավ որակի ինկուբատոր ենք ձեռք բերել, որի համար շատ շնորհակալ ենք: Այն անհրաժեշտ սարքավորում է մեր աշխատանքի համար»,-ասում է Կարաբեկյանը՝ հավելելով, որ և՛ ջերմաստիճանը, և՛ գազի անհրաժեշտ չափաքանակը ինկուբատորում կարգավորվում է թվային եղանակով՝ հուշելով, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի բջիջները «իրենց լավ զգան»:

Ներկայում մաշկի փոխպատվաստման կարիք ունենալու դեպքում հայկական բժշկությունը ոչ հայկական ծագման արհեստական մաշկի փոխարինիչ է օգտագործում: Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիան փորձում է գտնել ամենաարդյունավետ այլընտրանքը՝ ճարպային հյուսվածքից ցողունային բջիջներն անջատվում են, ստեղծվում է բջիջների շտեմարան, որն օգտագործվելու է մաշկ ստեղծելու համար: «Արդեն հետո դրանց պետք է տարբերակել, այսինքն՝ մասնագիտացնել, որ դառնան ոչ թե ցողունային բջիջ, այլ, ենթադրենք, մաշկի կամ լյարդի բջիջ, որն արդեն օգտակար կլինի համապատասխան հյուսվածքը սարքելու համար»,- նշում է Զարուհի Կարաբեկյանը:

Ինկուբատորը նաև օգնում է, որ հյուսվածքային ինժեներիայով հետաքրքրվող երիտասարդներն արդյունավետ կրթություն ստանան ոչ միայն տեսական, այլև գործնական:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանն էլ նշում է, որ դրամաշնորհը, որը իրենք տրամադրել են ինստիտուտին, ուղղվել է ինկուբատոր սարք ձեռք բերելուն, որի շնորհիվ ոչ միայն ինստիտուտի աշխատակիցներն ավելի արդյունավետ կկազմակերպեն իրենց աշխատանքները, այլ պարբերաբար ինստիտուտ հաճախող ուսանողները հնարավորություն կունենան  իրենց փորձնական, տեսական աշխատանքները իրականացնել ժամանակակից սարքերի միջոցով: «Լաբորատորիան իրականացնում է աշխատանքներ, փորձեր՝ արհեստական մաշկ ստեղծելու համար, որը կհամապատասխանի մեր գենոֆոնին»,- ասում է նա:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2 տարի առաջ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ»-ի, «Կրեդիտ Ագրիկոլ» ազգային ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: 2017թ. դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հիմնադրամնը 128 հայտ է ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am