Շիրակի Մեծ Մանթաշ համայնքում իրականացվում են էրոզիայի կանխարգելման ծրագրեր
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ-GIZ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցը հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում մասնակցել են ԳՄՀԸ ԿԻԿ ծրագրի կողմից կազմակերպված միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը մասնակցել են նաև Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նորա Անալակյանը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը,
բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ոլորտում աշխատող այլ միջազգային և տեղական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում մասնակիցները այցելել են Մեծ Մանթաշ համայնքի անտառապատման և բիոինժեներական միջոցառումների տարածք: Համայնքում ծրագրի կողմից իրականացվող աշխատանքներին ծանոթանալուց հետո տեղի է ունեցել ծառատունկ:
ԳՄՀԸ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի բաղադրիչներից մեկն է «Ինտեգրված էրոզիայի վերահսկողությունը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Վերոնշյալ ծրագիրը աշխատանքներ է իրականացնում Շիրակի և Արագածոտնի մարզի 10 ընտրված պիլոտային համայնքներում: Մեծ Մանթաշը այն պիլոտային համայնքներից մեկն է, որտեղ իրականացվում են անտառապատման և բիոինժեներական միջոցառումներ:
Էրոզիայի կանխագելման նպատակով էրոզացված տարածքներում իրականացվել է անտառապատման ծրագիր, որի շրջանակներում Շիրակի մարզի նաև Սարալանջ, Փոքր Մանթաշ, Նահապետավան և Հառիճ համայնքներում կատարվել և ընթացքի մեջ են շուրջ 65 հա ընդհանուր մակերեսով տարածքի համայնքային անտառների հիմնման աշխատանքներ:
Բացի վերը նշվածից, Սարալանջ համայնքում արոտների բարելավման նպատակով իրականացվել են նաև բիոինժեներական միջոցառումներ էրոզացված 1.5 հա տարածքի վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում