Շիրակի Մեծ Մանթաշ համայնքում իրականացվում են էրոզիայի կանխարգելման ծրագրեր  

Armenpress 19:08, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ-GIZ)  «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ)  ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցը հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում մասնակցել են ԳՄՀԸ  ԿԻԿ ծրագրի կողմից կազմակերպված միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը մասնակցել են նաև Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նորա Անալակյանը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը,

բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ոլորտում աշխատող այլ միջազգային և տեղական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում մասնակիցները  այցելել են Մեծ Մանթաշ համայնքի անտառապատման և բիոինժեներական միջոցառումների տարածք: Համայնքում ծրագրի կողմից իրականացվող աշխատանքներին ծանոթանալուց հետո տեղի է ունեցել ծառատունկ:

ԳՄՀԸ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի բաղադրիչներից մեկն է «Ինտեգրված էրոզիայի վերահսկողությունը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Վերոնշյալ ծրագիրը աշխատանքներ է իրականացնում Շիրակի և Արագածոտնի մարզի 10 ընտրված պիլոտային համայնքներում: Մեծ Մանթաշը այն պիլոտային համայնքներից մեկն է, որտեղ իրականացվում են անտառապատման և բիոինժեներական միջոցառումներ:

Էրոզիայի կանխագելման նպատակով էրոզացված տարածքներում իրականացվել է անտառապատման ծրագիր, որի շրջանակներում Շիրակի մարզի նաև Սարալանջ, Փոքր Մանթաշ,  Նահապետավան և Հառիճ համայնքներում կատարվել և ընթացքի մեջ են շուրջ 65 հա ընդհանուր մակերեսով տարածքի համայնքային անտառների հիմնման աշխատանքներ: 

Բացի վերը նշվածից, Սարալանջ համայնքում արոտների բարելավման նպատակով իրականացվել են նաև բիոինժեներական միջոցառումներ էրոզացված 1.5 հա տարածքի վրա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am