Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Յուրաքանչյուրս միմյանց մեջ պետք է փնտրենք մեր փարոսը. Բոլոնիայի հայ համայնքի նախագահ Ոստան Անդրեասյան

Յուրաքանչյուրս միմյանց մեջ պետք է փնտրենք մեր փարոսը. Բոլոնիայի հայ համայնքի 
նախագահ Ոստան Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկականն ու հայկականությունը, ավանդույթներն ու լեզուն Բոլոնիայում ապրող յուրաքանչյուր հայի համար բացարձակ արժեքներ են, և պահպանվում են մեծ սրբությամբ: Այս մասին նշում է Բոլոնիայի հայ համայնքի նախագահ Ոստան Անդրեասյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում:

-Պարոն Անդրեասյան, որքան ինձ հայտնի է, Իտալիայի հայ համայնքներից Սուրբ Էջմիածնում պաշտոնապես գրանցված է Միլանինը: Ի՞նչ կարգավիճակ ունի Բոլոնիայի հայ համայնքը:

- Այո, Միլանի հայ համայնքը գրանցված է Հայաստանում՝ Սուրբ Էջմիածնում, իսկ շուրջ մեկ տարի առաջ Սուրբ Էջմիածնի կողմից պաշտոնապես գրանցում ստացավ նաև Բոլոնիայի հայ համայնքը: Էջմիածինը փորձնական ժամանակահատվածով Բոլոնիա է գործուղել նաև հոգևոր հովվի: Հայր Տիրայրն իր գործունեությամբ մեծ դերակատարում ունի հայ ընտանիքների հոգևոր, մշակութային կյանքում, ինչպես նաև ազգանպաստ ծրագրերի քննարկման և իրականացման գործում:

-Միլանի հայ համայնքի հետ կա՞ համագործակցություն:

-Անշուշտ: Ոչ միայն սերտորեն համագործակցում ենք, այլև որպես նոր կազմավորվող համայնք շատ ու շատ բաներ սովորում ենք նրանցից:

-Բոլոնիայում հայկական եկեղեցի գործո՞ւմ է, որտեղ է հայ համայնքը կազմակերպում իր հանդիպումները, եկեղեցական արարողությունները:

 - Բոլոնիայում հայկական եկեղեցի չի գործում, սակայն մեր իտալացի բարեկամները հնարավորություն են ընձեռել իրենց եկեղեցում արարողություններ անցկացնել, շուտով յուրաքանչյուր կիրակի հնարավոր կլինի նաև պատարագ մատուցել, ինչը բավականին կարևոր քայլ է մեր նոր կազմավորվող համայնքի համար: Մեր միջոցառումներին մշտապես ներկա են գտնվում Բոլոնիայի քաղաքապետը, տեղակալը և շատ հարցերում մեզ սատար կանգնում: Ճանաչելով, շփվելով մեզ հետ, վերջերս փոխքաղաքապետն այցելեց Հայաստան և հիացած է մեր երկրով:

-Դուք Բոլոնիայի հայկական համայնքի ղեկավարն եք: Ինչպե՞ս ստեղծվեց համայնքային կառույցը և ինչ ծրագրեր են իրականացվել:

-Բոլոնիայում հայկական համայնքային կառույց ստեղծելն իմ գաղափարն էր, բայց, համայնքի ղեկավար լինելուն դեմ էի. ցանկանում էի, որ ղեկավար ընտրվեր մեր համայնքի անդամներից որևէ մեկը: Մեր համայնքի անդամները սրտացավ, բարի, պատասխանատվության բարձր զգացումով մարդիկ են: Սակայն համայնքի անդամները պնդեցին, որ իմ գաղափարն իմ ղեկավարությամբ պետք է կյանքի կոչվի: Այնուհետև, կայացան ընտրությունները և համայնքի կողմից միաձայն ընտրվեցի հայ համայնքի նախագահ: Այս 2 տարվա ընթացքում ոչ միայն կազմակերպել, այլև օժանդակել ենք բազմաթիվ ծրագրերի՝ համագործակցելով Իտալիայում գործող հայ համայնքների հետ: Փորձել ենք աջակցել Իտալիայում իրականացվող հայանպաստ ծրագրերին. հայկական մշակույթի օրեր Իտալիայում, Ա. Վերնոյի «Մայրիկ» գրքի իտալերեն տարբերակի հրատարակությանը, Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի անսամբլի հյուրախաղերը, տարբեր հանդիպումներ, ազգանպաստ միջոցառումներ և այլն: Որքան էլ աշխատենք, միևնույն է շատ անելիքներ ունենք, բազմաթիվ գաղափարներ դեռևս պիտի կյանքի կոչենք: 

-Ինչպե՞ս հայտնվեցիք Բոլոնիայում:

- Ծնվել, մեծացել եմ Երևանում, երկար ժամանակ ապրել Եվրոպայում: Իտալիայում սկզբնական շրջանում ապրում էի Ռիմինիում, քանի որ, բիզնեսի կազմակերպման գրասենյակները այնտեղ էին: Սակայն բուն բիզնեսը գտնվում էր Բոլոնիայում և 2 տարի այստեղ ապրելուց հետո տեղափոխվեցի Բոլոնիա, ինչը գործնական տեսանկյունից առավել արդյունավետ էր:

-Երբ տեղափոխվեցիք Բոլոնիա, հայկական ընտանիքներ կայի՞ն: Որքան հայ է ապրում Բոլոնիայում հիմա:

-Երբ տեղափոխվեցի, Բոլոնիայում արդեն 5-6 ընտանիք կար և բազմաթի հայ ուսանողներ՝ ովքեր սովորում էին Բոլոնիայի համալսարաններում: Այդ ընտանիքները տեղափոխվել էին Միլանից, Պիզայից, Հռոմից, Ֆլորենցիայից: Այժմ այստեղ ապրում է շուրջ 100 հայ: Ի տարբերություն եվրոպական այլ երկրների ՝ Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, հայերը Իտալիայում համեմատաբար քիչ են, պատճառն, այն է որ պետությունը եկածներին սոցիալական ծրագրերով չի օժանդակում, այսինքն ՝ թոշակներ, նպաստեր չի տալիս: Այստեղ պետք է աշխատել և ապրել:

-Իտալիայի պետությունը օժանդակության ծրագրեր չի սահմանել եկածների համար, սակայն ինչպես ինձ հայտնի է, Բոլոնիա տեղափոխվող հայերին Դուք օգնության ձեռք եք  մեկնում: Դա էլ Ձե՞ր ծրագիրն է:

-Կարելի է և այդպես ասել: Մշակվել է «start up» ծրագիր, որը սկզբնական շրջանում թույլ է տալիս մեր հայրենակիցներին ոտքի կանգնել, հասկանալ հետագա անելիքը: Հետո արդեն յուրաքանչյուրը ո՞նց կօգտագործի իրեն ընձեռած հնարավորությունը, կախված է իրենից:

-Լավության, օգնության հասնելու վերաբերյալ ժողովուրդը բազմաթիվ ասույթներ ունի: Կյանքն այս առումով Ձեզ ի՞նչ է սովորեցրել:

- Եվ դաստիարակությունս և կյանքն ինձ սովորեցրել է ապրել ազգանպաստ մտածողությամբ.  օգնել և սատարել ազգակցիս, ընկերոջս, բարեկամիս, սակայն երբեք չկենտրոնանալ արած լավ գործերի վրա, չունենալ ակնկալիքներ, սպասելիքներ և  չտրտնջալ: Ըստ իս, մարդուն, հատկապես հայ մարդուն թուլացնող արտահայտություններից էլ պետք է ընդմիշտ հրաժարվել, ինչպիսիք են «Լավություն անողի գլուխը ծակ է», «Օձը տաքացնողին է խայթում», «Լավություն մի արա, որ վատություն չստանաս»: Այս և նմանատիպ արտահայտությունները մեզ թուլացնում են, դարձնում՝ վեհերոտ ու կասկածամիտ: Այնինչ կյանքում յուրաքանչյուր քայլ կատարելիս պետք է պատրաստ լինել ամեն տեսակի շրջադարձերի, վերլուծել բացասական հետևանքները և դաս քաղել սեփական բացթողումներից: Եվ վերջին հաշվով՝ լավատեսությամբ և շրջապատի նկատմամբ դրական տրամադրվածությամբ առաջին հերթին ինքդ քեզ ես օգնում: Յուրաքանչյուրս միմյանց մեջ պետք է փնտրենք մեր փարոսը:

-Մեր հայրենակիցներից շատերը արտերկրում բնակվելով, իրենց կյանքը կապում են օտարի հետ: Այս հարցում ևս լավ առումով «շեղվել» եք:

-Այո, կինս հայուհի է, ավելին՝ Երևանում ծնված, մեծացած: Ես իմ ընտրությունն այլ կերպ չէի էլ պատկերացնում. կողակիցս պետք է խոսի իմ լեզվով, ունենա իմ հավատն ու եկեղեցին… Ունեմ հիանալի կին, հրաշալի բալիկ, անկեղծ և սիրելի բարեկամներ, ընկերներ: Սա մի պարգև է, որն ինձ դարձնում է անչափ երջանիկ:

-Համահարթեցման այս ժամանակաշրջանում, հայ ընտանիքն ինչպե՞ս է պահպանում լեզուն, ավանդույթները, ինքնությունը հայրենիքից դուրս:

-Ընտանիքում խոսում ենք բացառապես հայերեն լեզվով: Յուրաքանչյուրիս տանը երեխան լսում է միայն հայերեն խոսք, երաժշտություն, ճաշակում հայկական ուտեստներ: Հայկականն ու հայկականությունը, ավանդույթներն ու  լեզուն այստեղ ապրող յուրաքանչյուր հայի համար բացարձակ արժեք է, և պահպանվում է մեծ սրբությամբ:     

Հարցազրույցը՝  Ալլա Սերոբյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am