Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիան Հալեպի Իսլամական ձեռագրատնից դուրս է բերել օսմանյան կայսրության ժամանակաշրջանի արխիվային ձեռագրերը. Ժիրայր Ռեիսյան

Թուրքիան Հալեպի Իսլամական ձեռագրատնից դուրս է բերել օսմանյան կայսրության ժամանակաշրջանի արխիվային ձեռագրերը. Ժիրայր Ռեիսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում պատերազմի տարիներին Թուրքիան հանցագործ ճանապարհով մի շարք խնդիրներ լուծեց: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը ներկայացրեց մի քանի դեպքեր, որոնց տեղի ունենալը պատահականություն չի համարում:

«Հալեպը տարածաշրջանում արդյունաբերական խոշոր քաղաք էր դիտարկվում: Երբ հարձակում եղավ, այդ շրջակայքը գրավվեց, Թուրքիայի թելադրանքով առաջին հերթին բեռնատարներ եկան ու ֆաբրիկաների սարքավորումները Թուրքիա տարվեցին: Ի զուր չէր, որ Սիրիայի իշխանությունները Թուրքիան կոչեցին Սիրիայի արդյունաբերության ավազակ»,- ասաց Ժիրայր Ռեիսյանը: Նրա խոսքով, հսկայական կողոպուտ է եղել, սակայն հավատացած է, որ շուտով այդ սարքերի ու գործիքների փոխարեն նորերն են բերվելու:

Թուրքական իշխանությունների պատվերով նաև մշակութային արժեքներ ոչնչացվեցին ու թալանվեցին: Հալեպում գործում էր Իսլամական ձեռագրատուն, որտեղ պահվում էր օսմանյան շրջանի ձեռագրերի հսկայական արխիվ: Թուրքիան միշտ ցանկացել էր իմանալ, թե ինչ կար ներսում: Պատերազմի տարիներին Թուրքիայի գործակալների միջոցով զինյալները եկան, այդ շենքը գրավեցին, առանց որևէ մեկ թերթ վնասելու ամբողջը դրեցին ճամպրուկների մեջ և տարան Թուրքիա:

Ժիրայր Ռեիսյանը պատահական չի համարում պատմամշակութային կենտրոնների ուղղակի պայթեցումները:

«Հալեպում էր գտնվում Միջին Արևելքի ամենահետաքրքիր վայրերից մեկը` Փակ շուկան: Ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ հազարավոր կիլոմետրեր կտրում գալիս էին այն տեսնելու: Այդ կառույցի մրցակիցը Ստամբուլի շուկան էր: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց Հալեպինը, որն ավելի մեծ արժեք էր ներկայցանում: Այսօր այդ շուկան հարձակման առաջին թիրախը դարձավ, այն ամբողջությամբ հրկիզված, քանդված է: Արդյո՞ք սա պատահականություն է, իհարկե, ոչ»,- հավելեց պատգամավորը:

Մեկ այլ իրողություն էլ` կապված հայկական թաղամասի հետ: Ժիրայր Ռեիսյանի խոսքով, դեպի հայկական Նոր գյուղի շրջանը հրթիռներ, արկեր էին արձակվում: «Արդյոք պատահականությո՞ւն էր այն, որ նետվում էին մետաղե կտորներ, որոնց վրա գրված էին «Էնվեր Փաշա», «Թալեաթ Փաշա»: Ես կարծում եմ, որ այս իրողությունը մեկնաբանելու կարիք չունի»,-ասաց նա:

Ժիրայր Ռեիսյանը նաև նշեց, որ Թուրքիայի կառավարության ղեկավարության կողմից նամակ է ուղարկվել Սիրիայի հետ սահմանակից նահանգների ղեկավարներին, որ տարածք պատրաստեն փախստականների վրաններ տեղադրելու համար: Այդ նամակն ուղարկվել է պատերազմից վեց ամիս առաջ, երբ Սիրիայում դեռ որևէ իրադարձություն չկար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am