Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Հայաստանի ու Բելառուսի համար ստեղծված են հնարավորություններ՝ ունենալու ավելի հագեցված երկկողմ օրակարգ


ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում սեպտեմբերի 21-ին Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԲՀ Ազգային Ժողովի Ներկայացուցիչների Պալատի նախագահի տեղակալ Բոլելսլավ Պիրշտուկը, ԲՀ սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոն, ԲՀ գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը, Մինսկի գործադիր կոմիտեի նախագահ Անդրեյ Շորեցը, ԲՀ ԱԳ նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոն, Բելառուսի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա դիվանագետներ, Բելառուսի Հանրապետության մտավորականության և հայ համայնքի ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ հյուրեր: 

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անցած 26-ամյա ուղին` ընդգծելով ժամանակակից ժողովրդավարական պետության կառուցման գործում ձեռք բերված հաջողությունները: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ դեսպան Եսայանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես սատարում է հիմնախնդրի բացառապես խաղաղ՝ բանակցությունների միջոցով կարգավորումը:
Անդրադառնալով հայ-բելառուսական երկկողմ հարաբերություններին՝ Օլեգ Եսայանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս երկու ժողովուրդների պատմական և մշակութային ամուր կապերի վրա հիմնված հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Դեսպանը նաև նշեց, որ, գտնվելով մեկ դաշնակցային ու ռազմավարական համակարգում, Հայաստանի ու Բելառուսի համար ստեղծված են բոլոր հնարավորություններն՝ ունենալու ավելի հագեցված երկկողմ օրակարգ: ՀՀ դեսպանը նաև հատուկ ընդգծեց Բելառուսի հայ համայնքի՝ որպես երկու երկրներին կապող օղակի դերը:

Բելառուսական կողմից ելույթ ունեցավ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոն: Շնորհավորելով ՀՀ անկախության 26-ամյակի կապակցությամբ՝ նա նշեց, որ Հայաստանը այս տարիների ընթացքում մեծ ձեռքբերումներ է արձանագրել տարբեր բնագավառներում: Օլեգ Կրավչենկոն անդրադարձավ նաև հայ-բելառուսական բարեկաման հարաբերություններին, ընդհանուր պատմությանը, ներկա քաղաքական, հումանիտար և տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակին և խոսեց երկու ազգերի միջև ստեղծված բարեկամական կապերի ու Բելառուսի մշակույթի, գիտության և տնտեսության զարգացման գործում հայ համայնքի մեծ ներդրման մասին:

Միջոցառմանը հայկական ազգային պարերով հանդես եկավ «Էրեբունի» պարային համույթը:



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ