Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էդիկ Բաղդասարյանի գիրքն իրանահայ համայնքի կյանքի մասին պատմող յուրօրինակ սկզբնաղբյուր է

Էդիկ Բաղդասարյանի գիրքն իրանահայ համայնքի կյանքի մասին պատմող յուրօրինակ 
սկզբնաղբյուր է

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրանահայ համայնքի ամբողջական պատմություն» 10 հատորյակը հայագիտության մեջ լրացնում է իրանահայ համայնքի մասին տեղեկատվության բացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 22-ին  «Լույս» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող  Էդիկ Բաղդասարյանի հետ հանդիպմանն այս մասին ասացին Գրողների միության անդամները:

«Էդիկ Բաղդասարյանն անցյալ տարի ևս Գրողների միությունում հանդիպում ունեցավ և ներկայացրեց իր 115 գրքերը, որոնք այս տարի դարձել են 138: Նա իսկապես մեծ գործ է կատարել գրականության ոլորտում»,-ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Էդիկ Բաղդասարյանը գիտական սխրագործություն է կատարել: Նա նաև ստեղծագործում է անգլերեն և հայ ժողովրդի պատմությունն օտար ընթերցողներին ներկայացնում է այնպես, ինչպես, որ կա:  Նա, ապրելով օտար երկրում, ջանքեր է ներդնում նաև հայապահպանության գործում»,-ասաց  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը:

Էդիկ Բաղդասարյանն անդրադարձել է նաև իրանահայ համայնքի պատմությանը: Արձակագիր Աստղիկ Հակոբյանի կարծիքով՝  իրանահայ կյանքի մասին մեծածավալ աշխատություն մինչ այդ չի եղել: Հայագիտության մեջ այդ բացը լրացրել է Էդիկ Բաղդասարյանը՝ 2012-ին հրատարակելով «Իրանահայ համայնքի ամբողջական պատմություն» 10 հատորյակը: «Այն, ներառելով տարբեր գավառների պատմությունը, կենցաղը, սովորույթները, ուսումնասիրողի համար իսկապես յուրատեսակ սկզբնաղբյուր է: Ներկայացնելով հայ-իրանական ժողովրդի ծագումնաբանությունից մինչ մեր օրերը՝ աշխատանքը հայագիտության մեջ իր ուրույն խոսքն է ասում»,-ասաց նա:

Աշխատությունը 2015-ին համառոտ տարբերակով լույս է ընծայվել հայերեն: 2014-ին այն թարգմանվել և հրատարակվել է պարսկերեն տարբերակով, իսկ 2016-ին՝ անգլերեն: «Պարսկերեն տարբերակի շնորհիվ՝ իրանցիները հնարավորություն կունենան տեղեկանալու իրենց երկրի տարածքում ապրող համայնքի դերի, տարբեր ասպարեզներում նրանց կատարած դերի մասին:  Ինձ պես 1921-45 թթ.-ի համայնքի պատմությունն ուսումնասիրողի համար այն իսկապես յուրատեսակ սկզբնաղբյուր է»,-ասաց Աստղիկ Հակոբյանը:

Արձակագիր Ալիսա Հովհաննիսյանի կարծիքով՝  Էդիկ Բաղդասարյանը մեծ գործ է կատարել պատմաբանասիրության բնագավառում: Ճարտարագետ-պատմաբանը հայոց մշակույթի նաև տեխնիկական գիտությունների մասին  հրատարակել է բազմաթիվ հոդվածներ:

 

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am