Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու. դա ուղղակի անտրամաբանական է. Կարեն Կարապետյան

Մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու. դա ուղղակի անտրամաբանական է. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 19  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 25 տարեկան, երիտասարդ, անկախ, հաղթանակած պետություն է, ամուր կանգնած` Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու ցանկացած ոտնձգության: Այս մասին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:  

«Այսօր մենք ունենք ավելի քան 7 միլիոնանոց սփյուռք: Շատ-շատերը, անկախությունից ի վեր, կանգնած են Հայաստանի կողքին, Հայաստանը ներկայացնում են աշխարհի բոլոր ծայրերում, տարբեր ձևաչափերով մասնակցում են մեր երկրի կառուցման գործընթացին: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց և գնահատում ենք այդ մոտեցումը: Փաստ է նաև, որ ոմանց մոտ եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ հիասթափություններ: Ի՞նչ անենք, նեղանա՞նք իրարից, ֆիքսվե՞նք դրա վրա: Ես համոզված եմ, որ մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու, ձեռքներս ծալելու և նեղացած կեցվածք ընդունելու մեկս մյուսի նկատմամբ: Դա ուղղակի անտրամաբանական է և անհեռանկարային: Եթե նույնիսկ ամենքս չունենք մեղքի մեր բաժինը, ապա ամենքս ունենք այն ավելին, որ կարող ենք անել: Մենք պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու այն երկիրը, որի մասին մենք բոլորս երազում ենք, երկիր, որ ամեն օր արթնանում է մի նոր բան կառուցելու, զարգացնելու, ավելացնելու՝ իր գերագույն արժեքի՝ մարդու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց վարչապետը:

Նրա խոսքով, մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, որը միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ, իսկ Հայաստանից դուրս հնարավորինս կդիմադրի ցավալի երևույթին, ինչպիսին համայնքից մեկուսացումն է, ասել է թե՝ «արտագաղթը սփյուռքից»։

Նա նշեց, որ այս ճանապարհին պետք է լինել ռեալիստ, անկեղծ և կառուցողական, ազատվել բոլոր տեսակի իլյուզիաներից, պետք է հստակ և անկեղծորեն գնահատել թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի ակնկալիքներն ու իրականությունը: Պետք է պայմանավորվել հետագա քայլերի և ապագայի պատկերացումների վերաբերյալ, գնահատել թերությունները, լավատեսորեն նայել առաջ, տրամադրվել և համառ գործել:

Մեր զարգացման և բարեփոխումների գործընթացի մեջ ուղիղ և անմիջական դերակատարում կարող է ունենալ յուրաքանչյուրս, անկախ քաղաքացիությունից, կացությունից, մասնագիտությունից և անկախ նրանից, թե քանի օր է անցկացնում Հայաստանում, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի նկատմամբ և ցանկություն ունեն մասնակից լինելու հայրենիքի ապագայի կառուցմանը:

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը:  Հայաստանից, Արցախից և Սփյուռքից համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Համաժողովում առանձնացվել են 4 գլխավոր ուղղություններ, որոնց կազմակերպման համար ընտրվել են պատասխանատու գերատեսչություններ՝ Պաշտպանության, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Սփյուռքի  նախարարությունները: Համաժողովի ընթացքում նախատեսված են 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով` 16 թեմատիկ նիստեր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am