Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հյուրասեր գավառցիները. սեպտեմբերի 30-ին կանցկացվի «Մեծ փուռ-2017» փառատոնը

Հյուրասեր գավառցիները. սեպտեմբերի 30-ին կանցկացվի «Մեծ փուռ-2017» փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի տարածաշրջանում սեպտեմբերի 30-ին կանցկացվի «Մեծ փուռ -2017» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: Այն անցկացվում է տեղի ֆերմերների նախաձեռնությամբ և «Վորլդ Վիժն Հայաստանի» տարածքային ծրագրի աջակցությամբ:

«Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի սկիզբը, ինչն էլ տոնի է վերածվում գավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Գանձակ, Սարուխան և Կարմիրգյուղ համայնքների «Կարտոֆիլ արտադրողների խմբերը» կկազմակերպեն «Փռի կարտոլի» շքեղ հյուրասիրություն:  Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Վորլդ Վիժն Հայաստանի» Գեղարքունիքի տնտեսական զարգացման համակարգող Աստղիկ Հովեյանը, տեղում լինելու է 15 փուռ, որը ներկայացնելու են ֆերմերները: Նրանց աշխատանքը գնահատվելու է, և լավագույնները պարգևատրվելու են: Գնահատվելու են և՛փուռը, և՛ փռում պատրաստված ուտեստը, և՛ մթնոլորտը:

Միջոցառումը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով, կկազմակերպվեն մրցույթներ, խաղեր, ինչպես նաև՝ կարտոֆիլից պատրաստված շուրջ հիսուն տեսակի ուտեստների համտես:  Աստղիկ Հովեյանը նշեց, որ այս անգամ փորձել են ներկայացնել կարտոֆիլից պատրաստված ավելի շատ ուտեստներ: Կլինեն առանձին հատկացված տարածքներ, որտեղ այցելուները հնարավորություն կունենան խոհարարի հետ տեղում ուտեստներ պատրաստել կարտոֆիլից:

«Փառատոնն արդեն երրորդ անգամն է անցկացվում: Տարեցտարի մասնակցության առումով բավական ակտիվություն է նկատվում: Փառատոնի նկատմամբ հետաքրքրություն է նկատվում տուրիստական ընկերությունների կողմից: Արդեն 8 տուրիստական կազմակերպություն փառատոնը ներառել է իր ծրագրում, կազմակերպում են տեղափոխումը, տեղում նախատեսել են էքսկուրսիա»,-ասաց Աստղիկ Հովեյանն` ընդգծելով, որ քիչ չէ օտարերկրյա զբոսաշրջիկների մասնակցությունը: Արդեն իտալական խմբերն ամրագրել են իրենց մասնակցությունը:

Փառատոնի նպատակն է նախ զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը, ներկայացնել տարածաշրջանի ավանդույթները, խոհանոցը: Դրանից բացի, հնարավորություն ընձեռել, որ ֆերմերներն առանց միջնորդի գտնեն գնորդներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am