Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Ալեքսանդր Օնիշչենկոյի անհատական ցուցահանդեսը Սարյանի տուն-թանգարանում


ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշչենկոյի նոր իմպրեսիոնիստական աշխատանքներն առաջին անգամ ներկայացված են Հայաստանում: Նկարչի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ նշեց, որ Օնիշչենկոն դարձավ այն առաջին նկարիչը, ով իր անհատական ցուցահանդեսով ներկայանում է թանգարանում: «Կարծում եմ, սա կարեւոր եւ յուրահատուկ սկիզբ է: Այս աշխատանքներում նոր հայացք կա իմպրեսիոնիզմին, դրանք արտացոլում են նկարչի հոգին, ռոմանտիկ են եւ անկեղծ»,- ասաց նա: Ցուցահանդեսի կազմակերպիչը «Ծիրանի» մշակութային հանգույցն է:

Խորհրդի անդամ Նարեկ Աշուղաթոյանը կարեւորեց օտարազգի արտիստների աշխատանքների ներկայացվածությունը Հայաստանում: «Կարեւոր է բերել այդ աշխատանքները եւ հայ հանրությանը ցույց տալ, թե ինչպես են մտածում եւ մեկնաբանում նրանք»,- նշեց նա: Ալեքսանդր Օնիշչենկոն առանձնանում է սեւ կտավի վրա ստեղծագործելու յուրահատուկ տեխնիկայով: Սեփական բնութագրմամբ՝ աշխատանքները նոր իմպրեսիոնիստական ուղղվածություն ունեն, ինչը չպետք է շփոթել նեոիմպրեսիոնիզմի հետ: Նրա աշխատանքներում մուգ տոներին փոխարինելու են գալիս բացերը՝ այդպիսով առավել ընդգծելով գունային կոնտրաստն ու վառ երանգները: Նկարչի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է լինել առաջին նկարիչը, ով իր անհատական ցուցահանդեսով ներկայանում է Սարյանի տուն-թանգարանում: «Սա իրական մարտահրավեր է ինձ համար: Այս ամենից հետո եւս մեկ անգամ վերահաստատվում է այն հանգամանքը, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը: Ուզում եմ շարունակել ապրել եւ անել այն, ինչ կարող եմ»,- նշեց Օնիշչենկոն:

 Նկարչի աշխատանքների թեմատիկ ուղղվածությունը շատ լայն է, նրա վրձնի օգնությամբ նոր շունչ են ստանում առարկաներն ու բնությունը: Այնուամենայնիվ, հատկապես ուշագրավ են Օնիշչենկոյի՝ Պրահայի տեսարաններով կտավները, որոնք արված են թռչնի թռիչքի բարձրությունից՝ Պրահայի տանիքներից:

Օնիշչենկոյի աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայում, Հնդկաստանում, Շվեդիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում: Նկարիչը Պրահայում ունի սեփական պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են իր իմպրեսիոնիստական աշխատանքները: Հայ արվեստասերները հնարավորություն կունենան դիտելու ներկայացված աշխատանքները մինչեւ սեպտեմբերի 17-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ