Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Հարություն Խաչատրյանը ձգտում է նպաստել հայկական կինոյի զարգացմանը


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը ցանկանում է ստանձնել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի պարտականությունները: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց հայտնի ռեժիսորի հետ:

«Հայաստանում տաղանդավոր մարդիկ իրապես շատ են, բայց միաժամանակ և՛ արվեստագետ, և՛ կազմակերպիչ քիչ կա: Ավաղ, շատ չեն եռանդով ստեղծագործող ու գործունյա անձին, ովքեր հավատում են մեր երկրի մշակութային կյանքի բարելավմանը: Ես այն խենթերից եմ, ով հավատում է, դրան: Եթե ինձ բախտ վիճակվի ստանձնել կինեմատոգրաֆիստների միության նախագահի պարտականությունները, կանեմ ամեն հնարավորը կինոարվեստն առաջ տանելու համար»,-ասաց նա:

Հարություն Խաչատրյանը, ով հիմնադրել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, օրեր առաջ սեփական դիմումի համաձայն հրաժարվեց փառատոնի տնօրենի պաշտոնից:

Խոսելով այդ մասին` ռեժիսորը շեշտեց, որ փառատոնը հիմնադրել է իր մտերիմ ընկերների` Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի հետ: «Ըստ իս` «Ոսկե ծիրան»-ը ամուր կանգնած է ոտքերի վրա և Ստամբոլցյանն ու Սուսաննան կարող են փառատոնի ոգին պահել: Կարծում եմ, որ ես դեռ կունենամ հնարավորություն աջակցելու ոչ միայն «Ոսկե ծիրան»-ին, այլև Հայաստանի մյուս կինոփառատոններին:

Վերջերս ռեժիսորն ավարտել է նաև իր ֆիլմաշարի երրորդ ժապավենի նկարահանման աշխատանքները: «Ֆիլմաշարը սկսել եմ նկարահանել 1988 թվականից,  երբ ղարաբաղյան հակամարտության խնդիրն արդեն առկա էր: Հենց այդ տարի տեղի ունեցավ Սպիտակի սարսափելի երկրաշարժը: Երկիրը սկսեց դատարկվել. Հայաստանում արտագաղթ ծայր առավ, որն ուներ տարբեր պատճառներ: Եզրակացություններ չանելու համար փորձեցի ֆիլմերի միջոցով խոր ուսումնասիրել այս խնդիրը: Այդ նպատակով ընտրեցի երկրից հեռացած երեք  հետաքրքիր մարդկանց, որոնք դարձան իմ հերոսները»,-շեշտեց Խաչատրյանը:

Նրա խոսքով` ինքը 25-30 տարի տրամադրել է այդ կինոնկարների ստեղծմանը, ուսումնասիրել հերոսներին, մանրամասն ներկայացրել նրանց կյանքի կարևորագույն իրադարձությունները:

Ֆիլմաշարի առաջին մասը կոչվում է «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», որը պատմում է Հայկ անունով երիտասարդ թատերական ռեժիսորի մասին, ով վերը նշված տարիներին մեկնել էր Սիբիր: Հաջորդ ֆիլմը կոչվում է «Փակուղի», որի հերոսը Լևոնն է:

Ֆիլմաշարի երրորդ ժապավենի հերոսը նկարիչ է, որը ժամանակին մեկնել է Տալլին: «Նա տարիներ առաջ է մահացել, սակայն նրա պատմությունը դեռ շարունակվում է, քանի որ գարնանը տարբեր երկրներից Հայաստան կբերվեն նրա կտավները և ցուցահանդես կանցկացվի: Ընդգծեմ, որ նա խնդրել էր այրել իր մարմինը և մոխիրը թաղել երեք երկրում. Էստոնիայում, որտեղ երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է, Ուկրաինայում (Օդեսա), որտեղ անցկացրել է կյանքի վերջին տասը տարին և Հայաստանում, որտեղ ծնվել է: Ֆիլմերի միջոցով ցանկացել եմ նաև ցույց տալ, թե ինչ հետք են թողնում մարդիկ իրենցից հետո:

Նկարահանումներն արդեն ավարտվել են: Կարծում եմ` հաջորդ տարվա հուլիսին տեղի կունենա նաև երրորդ ֆիլմի պրեմիերան»,-եզրափակեց կինոռեժիսորը:

Անժելա Համբարձումյան

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ