Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

Ապօրինի ձեռնարկատիրության, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու դեպքով հարուցվել է քրգործ


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ա.Կ.» հասարակական կազմակերպությունը 2013-2015 թվականներին նախարարության աշխատակազմի Զբաղվածության պետական գործակալության հետ կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերով իրականացրել է աշխատանքի տոնավաճառի կազմակերպման ծառայություններ՝ խախտելով տվյալ պահին գործող խմբագրությամբ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջը: Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Ա.Կ.» հասարակական կազմակերպությունը աշխատանքի տոնավաճառի կազմակերպման ծառայություններից նշված տարիներին առաջացած հասույթները չի հայտարարագրել հարկային տեսչություն ներկայացվող հաշվարկներում, չի հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի վճարվել 4.620.000 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Բացի այդ, պարզվել է, որ «Ա.Կ.» հասարակական կազմակերպությունը և Հ. Մ. անհատ ձեռնարկատերը «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված անհրաժեշտ որակավորման չափանիշները հավաստելու և Հ. Մ. անհատ ձեռնարկատիրոջ մասնակցությունը գնման գործընթացում ապահովելու նպատակով կեղծել են իրավունք վերապահող փաստաթուղթ և այն ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալություն:

Նկատի ունենալով, որ հայտնաբերված խախտումներն առերևույթ պարունակում են ապօրինի ձեռնարկատիրության, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ