Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Երիտասարդ հայ գրողը մտադիր է հայ գրականության մեջ ներդնել կոմիքս ժանրը


ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ հայ գրող Վահագն Քարամյանն առաջին քայլերն է իրականացնում ժամանակակից հայ գրականության մեջ կոմիքս ժանրը ներդնելու ուղղությամբ: Գրողը նկատում է, որ կոմիքսները աշխարհում շատ հայտնի են արդեն մոտ 100 տարի է, բայց Հայաստանում և շատ այլ երկրներում դրանք պարզապես չկան։ Նա այն կարծիքին է, որ կոմիքսները կհետաքրքրեն նաև հայ ընթերցողին և պատրաստվում է ստեղծագործել նաև այդ ժանրում: Վահագն Քարամյանն ունի թարմ գաղափարներ և պատրաստվում է առաջիկայում ձևավորել նոր հարթակներ, որտեղ հայ գրողները կկարողանան ներկայացնել իրենց աշխատանքները, մասնակցել հետաքրքիր մրցույթների և ավելի ճանաչելի դառնալ հանրությանը: «Արմենպրես»-ը ժամանակակից հայ գրականության խնդիրների, այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և այլ թեմաների վերաբերյալ զրուցել է գրող Վահագն Քարամյանի հետ, ով խոսել է նաև նոր գրքի մասին, որն առաջիկայում պատրաստվում է հրատարակել:

նչպե՞ս  եք  գնահատում ժամանակակից  հայ գրականության  վիճակը: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք լուծման կարիք ունեն:

-Ժամանակակից գրականությանը գնահատական տալու համար նախ պետք է հասկանալ, թե որ ժամանակի հետ ենք այն համեմատում։ Ցավոք, երևի որ ժամանակի հետ էլ համեմատես, կստացվի, որ մեր ժամանակակից գրականությունը այդքան էլ լավ վիճակում չէ։ Բայց ես չեմ կարող հիմա գնահատական տալ ժամանակակից գրականության որակին, դա, երևի, ավելի լավ կանեն ավագ ընկերները։ Ես մի քանի բառ կցանկանայի խոսել դարի մասին։ 21-րդ դարը իր հետ բերում է փոփոխություններ, և, ընդհանրապես, ամեն նոր օր լի է նորանոր երևույթներով, գործիքներով, հայտնագործություններով, ու այդ ամենը չի շրջանցում գրականությունը։ Տարբեր երկրներում ժամանակի հետ արդեն փոխվել են գրականությունը՝ հանրությանը հասցնելու եղանակները, նրանք ավելի լավ են հարմարեցված ներկայիս աշխարհին։ Այդ ամենը առայժմ չկա Հայաստանում, կան անհատներ, որոնք այս կամ այն կերպ կարողանում են օգտագործել այդ նոր գործիքները, բայց կան գրողներ, որոնց մոտ չի ստացվում: Ես երկար ժամանակ է՝ ուսումնասիրում եմ ռուսական ժամանակակից գրականությունը ու շատ հետաքրքիր գործիքներ եմ վերցրել նրանցից և օգտագործել այստեղ, և նրանք բոլորն էլ տվել են իրենց դրական արդյունքը։ Իսկ մեր գրողների մեծամասնությունը հավաքված է ֆեյսբուքյան մեկ-երկու խմբերում և այդ խմբերի սահմաններից չեն պատրաստվում դուրս գալ։  Նշեմ, որ մեր օրերում PR-ը անհրաժեշտ բան է: Ու գովազդել է հարկավոր ոչ միայն գիրքը, այլ նաև քեզ՝ որպես գրող: Եվ տեղադրել ստեղծագործությունդ ինչ-որ խմբում, ինչ է այդ խմբի անվան մեջ կա գրականություն բառը, հավատացեք, սխալ է և դժվար բերի դրական արդյունքի։

-Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր դժվարանում են ակտիվություն ցուցաբերել և չունեն PR գործիքներից օգտվելու համապատասխան փորձ:

-Տարբեր երկրներում կան շատ օնլայն հարթակներ, որտեղ ստեղծագործողը կարող է հրատարակել իր գործը: Այս պահին ձեր ստեղծագործությունները կայքերում հրապարակելը հնարավորություն է տալիս գտնել ընթերցողներ կամ աչքի ընկնել հրատարակչություններում: Մեզ մոտ այդ կայքերի փոխարեն ֆեյսբուքյան խմբերն են, որտեղ գրողները տեղադրում են իրենց աշխատանքները, իսկ մյուս անդամները իրենց կարծիքն են հայտնում։ Խմբի ղեկավարությունն էլ շատ լավ գործ է անում՝ օգնելով նրանց, ովքեր կաղում են ուղղագրությունից կամ տալիս են իրենց խորհուրդները։ Բայց բանն այն է, որ, եթե ինչ-որ մի գործ շատերի կողմից ստանում է շատ դրական գնահատականներ, այն այդպես էլ մնում է այդ խմբում պարզապես շատ լավ կարծիքներ ստացած ստեղծագործություն։ Հիմա ես փորձում եմ բացել հարթակ, որտեղ կանցկացվեն տարբեր տեսակի մրցույթներ, որոնց պակասը շատ է զգացվում Հայաստանում, որոնք շատ են անցկացվում այլ երկրներում։ Հավաքում եմ թիմ, ովքեր կզբաղվեն գրքերի զարդարումներով, կոմիքսների զարդարումներով և այլ շատ կարևոր աշխատանքներով:  Հույս ունեմ, որ այդ ամենը կտա իր դրական արդյունքը։

- Նշում եք, որ հետևում եք ժամանակակից ռուս գրողների գործունեությանը, ուսումնասիրում նրանց փորձը: Կարո՞ղ եք համեմատություններ անցկացնել հայ և ռուս ժամանակակից գրողների միջև:

-Հայ գրողը գրում է մեկ-երկու ժանրի մեջ։ Եվ հիմնականում անցյալի մասին։ Այսքանը երևի։

-Տեղյակ ենք, որ Դուք ցանկանում եք ստեղծագործել նաև կոմիկս ժանրում: Ինչպե՞ս ծնվեց  այդ գաղափարը:

-Կոմիքսներն աշխարհում շատ հայտնի են արդեն մոտ 100 տարի։ Հայաստանում և շատ այլ երկրներում դրանք պարզապես չկան։ Ես կարծում եմ, որ կոմիքսները կհետաքրքրեն նաև հայ ընթերցողին, և անպայման չէ, որ նրանք լինեն գերբնական ունակություններ ունեցող մարդկանց մասին, կոմիքսները կարող են լինել սովորական մարդկանց մասին էլ և լինեն այնքան լավը, որ հետաքրքրեն նաև ոչ հայ ընթերցողներին։ Լավ կոմիքսին հարկավոր է ոչ միայն լավ պատմություն, այլ նաև լավ նկարիչ: Հիմա մենք փնտրում ենք լավ նկարիչների, որպեսզի սկսենք այն, ինչ մտածել ենք։ Ի դեպ, Հայաստանում ես նկատել եմ կոմիկս, կարծեմ այն զինվորների մասին է։ Դեռ չեմ կարդացել։

-Գիտենք, որ պատրաստվում եք նոր գրքի հրատարակմանը: Կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է լինելու այն:

-Ինչպես ասացի, Հայաստանում շատ են գրքերը անցյալի մասին, ես ցանկացա գրել գիրք ապագայի մասին։ Գիրքը ֆանտաստիկ ժանրի մեջ է և ամենայն հավանականությամբ բաղկացած է լինելու մի քանի գրքերից։ Այն տիեզերական կյանքի մասին է, տիեզերական ճանապարհորդությունների և պատերազմների մասին։ Գրքում փորձել եմ ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք մինչ օրս մենք իրական կյանքում չենք կարողանում ստանալ։ Ամեն անգամ գրախանութ մտնելիս հարցնում էի՝ կա՞ արդեն հայերեն թարգմանված որևէ ֆանտաստիկ գիրք և միշտ ստանում էի բացասական պատասխան։ Մի պահ որոշեցի թարգմանել իմ սիրելի գործերից, բայց հետո որոշեցի գրել իմը։ Ու վստահ եմ, որ հայ հեղինակը նույնպես կարող է ուրախացնել հայ ընթերցողին տարբեր ֆանտաստիկ գործերով, տարբեր կոմիքսներով, տարբեր Fan fiction ստեղծագործություններով: Միգուցե, ինչ-որ բան սկզբից կլինի թերի, ինչ-որ բան կլինի անհաջող, բայց կամաց-կամաց ամեն բան կընկնի իր տեղը:

Հարցազրույցը՝ Մարիամ Ադամյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ