Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության և Հայաստանի դիրքորոշումներն համընկնում են

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության և Հայաստանի դիրքորոշումներն համընկնում են

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության և Հայաստանի դիրքորոշումներն աննախադեպ կերպով համընկնում են սեպտեմբերի երկրորդ կեսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ: Օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների աննախադեպ վատթարացման ֆոնին: Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են աննախադեպ խստության պատժամիջոցներ, ինչը նվազեցնում է այդ երկրի քաղաքական դերակատարումը: Այս պահին աննախադեպ ցածր է նաև Ռուսաստանի վարկը` որպես խաղաղասեր երկիր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց Մեհրաբյանը` հավելելով, որ այս պահին վերը նկարագրված ընդհանուր ֆոնը, տարածաշրջանային իրավիճակը նպաստավոր են Հայաստանի համար` Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրելու և այդ երկրի ղեկավարությանը ապակառուցողական վարքագծից դուրս բերելու առումով:

Քաղաքագետի գնահատմամբ` ստեղծված իրավիճակում Ադրբեջանի միակ տարբերակը ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու սպառնալիքներն են և շփման գծում պարբերաբար լարվածություն սանձազերծելու քայլերը: «Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը ինչ-որ պայմանագրով հանձնի այն ամենը, ինչ Ադրբեջանը տանուլ է տվել իր իսկ սանձազերծած պատերազմում: Հասկանալի է, որ նման բան երբեք չի լինելու: Միևնույն ժամանակ, պարզ է, որ ստատուս քվոն ևս հարցի լուծում չէ, հետևաբար լուծումն այս երկուսի մեջտեղում է»,- ընդգծեց Մեհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ պաշտոնական Երևանը, պաշտոնական Ստեփանակերտը, այլ երկրների շատ քաղաքական գործիչներ մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղի անկախությունն այլընտրանք չունի: «Լեռնային Ղարաբաղում չի կարող լինել ադրբեջանական իշխանություն, և Ադրբեջանը պետք է հաշտվի այս իրողության հետ: Իսկ լարվածությունն առաջանում է հենց այն պատճառով, որ Ադրբեջանն այս իրողության հետ չի ցանկանում հաշտվել: Քանի դեռ Ադրբեջանը սրա հետ չի հաշտվել, մենք ականատես ենք լինելու լարվածության»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետը կարևորեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի հստակ դիրքորոշումը: Նա հիշեցրեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Երբ հայտարարվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, նշանակում է, որ հակառակ պարագայում կհետևի կոշտ պատասխան»,- մանրամասնեց նա:

Ռուբեն Մեհրաբյանը հատկանշական է համարում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությունը, որ հարկավոր է կյանքի կոչել Վիեննայի գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ հակամարտության գոտում ռազմական գործողությունների հավանականությունը պետք է հասցնել նվազագույնի: Նրա խոսքով` այս ամենը վկայում է այն մասին, որ միջազգային հանրության և Հայաստանի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում համընկնում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am