Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Գյուղնախարարը Գեղարքունիքի մարզում ներկայացրել է ոլորտի զարգացման տեսլականը

Գյուղնախարարը Գեղարքունիքի մարզում ներկայացրել է ոլորտի զարգացման 
տեսլականը

 ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում` առկա խնդիրներին ծանոթանալու և ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ նախ այցելել է Շորժա համայնքի ծիրանի այգի: Այգու համասեփականատեր Սուլիկո Շուշանյանը տեղեկացրել է, որ այգին, որում աճեցվում են հայկական ավանդական ծիրանի սորտեր, հիմնվել է 2016 թվականին՝ 10 հեկտարի վրա, երրորդ տարում սպասում են ստանալ բերքի որոշակի քանակություն, իսկ հինգերորդ տարում ակնկալում են լիարժեք բերք: Նշելով, որ այգու ոռոգումն իրականացվում է կաթիլային համակարգի միջոցով` Սուլիկո Շուշանյանն ընդգծել է, որ այն կատարյալ է և չափազանց արդյունավետ:

Նա տեղեկացրել է նաև, որ այգում ընթացիկ աշխատանքների իրականացման համար գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մի քանի միավոր տեխնիկա` միաժամանակ ընդգծելով, որ նման ծրագրի նախաձեռնումը շատ կարևոր է և անհրաժեշտ:

Շրջելով Շորժայի ծիրանի այգում` նախարարը հույս է հայտնել, որ այն տարածաշրջանի մյուս այգեգործների համար ազդակ կհանդիսանա, որպեսզի հիմնեն նմանատիպ այլ այգիներ, քանի որ առկա են բոլոր նախադրյալները որակյալ բերք ստանալու և դրանով իսկ մեծ եկամտաբերություն ապահովելու համար:

Այնուհետև Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Մեծ Մասրիկ համայնք, հանդիպել տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը:

Այցի ընթացքում նախարարն եղել է նաև Վարդենիկ համայնքի «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունում: Կազմակերպության հիմնադիր Արտուշ Խաչատրյանի տեղեկացմամբ` ձեռնարկությունը ստեղծվել է 2016 թվականի մայիսին և «Համայնքների զարգացումը սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակում խրախուսում է տարբեր բանջարաբույսերի և խոտաբույսերի հավաքում, չորացում ու սառեցում: Նրա խոսքով` իրացման հետ կապված խնդիրներ չկան. արտադրանքի մի մասն իրացվում է տեղական շուկայում, մնացածն արտահանվում է: Հաջորդ տարվանից նախատեսվում է հարևան տարածաշրջաններից մթերել այլ մշակաբույսեր, ընդլայնել տարածքները, ձեռք բերել նոր սառցարան և չորանոց: Նա նշել է նաև, որ ձեռնարկությունը հետաքրքրված է Գյուղատնտեսության նախարարության մշակած սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագրով, որով նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին տրամադրել 3-10 մլն դրամ՝ 5% տոկոսադրույքով, 5 տարի մարման ժամկետով:

Ձեռնարկության առավել հաջողված նախաձեռնությունների շարքում Արտուշ Խաչատրյանը մատնանշել է մասնավորապես բրոկոլիի մշակումը և տեղեկացրել, որ 2018 թվականին նախատեսվում է մշակել նաև բրյուսելյան կաղամբ, որը հանրապետությունում մեծ պահանջարկ ունի:

Վարդենիկ համայնքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է համայնքապետերին և ներկայացրել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները: Իր ելույթում նախարարը կարևորել է մարզերի համար զարգացման տեսլականի մշակումը, ինչը թույլ կտա ծրագրեր իրականացնել` ելնելով յուրաքանչյուր մարզի առաջնահերթություններից և առանձնահատկություններից: Իգնատի Առաքելյանը շեշտել է նաև խորհրդատվական համակարգի հզորացման և ոլորտի մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը:

Իր հերթին մարզպետ Կարեն Բոթոյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքում հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին, իսկ կարտոֆիլի բերքահավաքը կմեկնարկի մոտ մեկ ամսից: Նա նշել է, որ հետագայում նախատեսվում է Շորժայի այգիների օրինակով նմանատիպ այգիներ հիմնել նաև Վարդենիսի տարածաշրջանում, իսկ Մարտունիում` սկսել բրոկոլիի մշակություն: Ըստ նրա` մարզի համայնքներում մեծ հետաքրքրություն են առաջացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերը, մասնավորապես՝ մատչելի տոկոսադրույքով գյուղտեխնիկայի ձեռքբերման հնարավորությունը:

Ամփոփելով այցի արդյունքները` Իգնատի Առաքելյանը նշել է, որ թեև մարզում հիմնականում զբաղվում են հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ, սակայն բնակլիմայական նպաստավոր պայմաններ կան նաև այգեգործության զարգացման համար:

Անդրադառնալով աշնանը գյուղացիներին սերմով ապահովելու հարցին՝ նախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախարարությունը չի նախատեսում սերմ ներմուծել այն պարագայում, եթե տեղական սերմարտադրողներն ապահովեն ներքին պահանջարկը:

«Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն` հնարավորություն տալով, որպեսզի տեղի սերմարտադրողներն իրացնեն իրենց արտադրանքը: Հայաստանում գործող սերմարտադրողների հետ հանդիպումների ժամանակ նրանք նշել են, որ պատրաստ են գյուղացիական տնտեսություններն ապահովել տեղական արտադրության սերմերով, և եթե պահանջարկն ավելին լինի, քան իրենց առաջարկն է, ապա միայն այդ դեպքում կկազմակերպվի սերմերի որոշ խմբաքանակի ներկրում»,-նշել է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am