Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կոնգրեսական Դեյվիդ Վալադոն աջակցում է Արցախում ականզերծման ջանքերին

Կոնգրեսական Դեյվիդ Վալադոն աջակցում է Արցախում ականզերծման ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դեյվիդ Վալադոն կարևորում է Արցախում ականազերծման աշխատանքների շարունակականությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, այս մասին կոնգրեսական Վալադոն նշել է հանձնախմբի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

«Կարևորում եմ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ գործընկերությունն այս կարևորագույն նախաձեռնության շուրջ, որն ուղղված է կյանքեր փրկելուն ու խաղաղություն կառուցելուն: Ականազերծումը կյանքեր է փրկում, կանխարգելում է կյանքեր խեղող վիրավորումներից, ինչպես նաև տնտեսական հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքների համար, ովքեր այժմ կարող են ականների հետ կապված սպառնալիքներից վախեր չունենալ»,- ընդգծել է Կալիֆորնիան ներկայացնող հանրապետական կոնգրեսականը:

Դեյվիդ Վալադոն շեշտել է նաև, որ այդ գործունեությունը երկարաժամկետ առումով պայմաններ է ստեղծում Արցախի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար:

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սևակ Թաթեոսյանն էլ շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին այս կարևոր հարցում առաջնորդություն ցուցաբերելու համար:

Վալադոն ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի անդամ է: Նա ներկայացնում է Կալիֆորնիայի 21-րդ ընտրատարածքը, որն ընդգրկում է Սան Խուակինի հովիտը, որտեղ հազարավոր հայեր են բնակվում:

Կոնգրեսական Վալադոն երկար ժամանակ է, ինչ աջակցում է Արցախում ականազերծման համար ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության տրամադրմանը: Նա ջանքեր է գործադրել, որպեսզի 2018թ-ի ֆիսկալ տարում ԱՄՆ շարունակի աջակցել Արցախում ականազերծմամբ զբաղվող HALO Trust ոչ կառավարական կազմակերպությանը, որ 2006թ-ից ի վեր աշխարհով մեկ ոչնչացրել է 8733 հակահետևակային, 2584 հակատանկային ականներ, 12423 կասետային ռումբեր, 180858 միավոր հրազեն և 48572 այլ պայթուցիկներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am