Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Ժամանակի ստվերները». հետահայաց ցուցադրությամբ կներկայացվի Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը

«Ժամանակի ստվերները». հետահայաց ցուցադրությամբ կներկայացվի Գագիկ 
Հարությունյանի լուսանկարչական արվեստը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունում օգոստոսի 25-ին կբացվի խորհրդահայ հայտնի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը, որը կկրի «Ժամանակի ստվերները» խորագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության hասարակայնության հետ կապերի բաժնից, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության եւ «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի կողմից ներկայացվող ընդգրկուն ցուցահանդեսը լույս կսփռի 20-րդ դարի վերջի խորհրդային լուսանկարչության անտեսված ժառանգության վրա եւ կներկայացնի Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995 թթ.:

Ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է, նախագծի ղեկավարը` Սոնա Հարությունյանը:

Ցուցահանդեսի բացման արարողության օրակարգում ընդգրկված է նաեւ Գերմանիայի Հալլե քաղաքում հրատարակված երկլեզու պատկերագրքի շնորհանդեսը, որն ընդգրկում է Գագիկ Հարությունյանի ողջ ստեղծագործական ուղին պատկերող 183 աշխատանք, որոնց մեծ մասը ներկայացվում է հանրությանն առաջին անգամ: Պատկերագրքի հովանավորներն են դոկտորներ Գիզելա եւ  Ռայներ Ֆրիթչերները:

Դեռևս 1970-ականների սկզբին` Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական եւ համամիութենական պարբերական մամուլում: Նա միակ խորհրդահայ լուսանկարիչն է, ով պատկերել է Աֆրիկան եւ յուրատիպ շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային եւ այլ երկրների:

Այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանի հիմնային նպատակն էր ստեղծել Հայաստանի կերպարանափոխվող հասարակության իրապես վերլուծական դիմանկարը, որը նա հետեւողականորեն կառուցել է՝ գործածելով հետազոտական պատկերաշարքերի նորարական ձեւաչափը:

1990-ականների վերջերին խոր հիասթափություն վերապրած արվեստագետը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն: Պահպանված սեւապատկերներից շուրջ երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են այս նախագծի իրականացման համար պահանջված վեց տարվա ընթացքում:

Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսում մեկտեղված լուսանկարները ընդգծում են Հարությունյանի տեսլականի զարգացումը` 1970-ականների Հայաստանի բանաստեղծական պատկերավորումներից մինչեւ բարդ փիլիսոփայական հարցադրումներով հագեցած նրա վերջին պատկերաշարքերը:

«Ժամանակի ստվերները» ցուցահանդեսը նորովի է բացահայտում Գագիկ Հարությունյանի լուսանկարչական ստեղծագործության լայնամասշտաբ համայնապատկերը եւ հաստատում դրա առանցքային կարեւորությունն արդի հայ արվեստի պատմության համար:

Նախագիծն իրականացնում է «Մշակույթի և կառավարման լաբորատորիան» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am