Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը բարձր է գնահատում հայ փրկարարների պատրաստվածությունը  

Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը բարձր է գնահատում հայ 
փրկարարների պատրաստվածությունը

 

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ  հուլիսի 27-ին  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին ներկա են գտնվել  Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատին կից վարժահրապարակում անցկացվող վարժանքին: Միջոցառմանը ներկա էր Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Դեյվիդ Էթելը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնավարժությունն այս տարվա հուլիսին ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից ՀՀ Շիրակի մարզի 6 հրշեջ-փրկարարական ջոկատների համար անցկացվող առաջին օգնության, կենսապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով դասընթացների տրամաբանական շարունակությունն է:

Սցենարի համաձայն՝ ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվել էր Ախուրյանի բժշկական կենտրոնի լաբորատորիայի պատին, որտեղ վտանգավոր նյութեր կային: Բախման հետևանքով մեքենայում հրդեհ էր բռնկվել, շենքի պատը փլուզվել, կային «տուժածներ»:

Վարժանքի մասնակից հրշեջ-փրկարարներն, արագ սահմանազատելով տարածքը և սկսելով հրդեհաշիջման աշխատանքները, միաժամանակ վտանգավոր տարածքից դուրս բերեցին պայմանական տուժածներին, նրանց ցուցաբերեցին անհրաժեշտ բուժօգնություն և իրականացրեցին վարակազերծում: 

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ամփոփելով դասընթացների և վարժանքի արդյունքները, ասաց.

-  Շատ բարձր եմ գնահատում համատեղ վարժանքը: Մեր փրկարարներն ապահովեցին միջազգային չափանիշներին համապատասխան բարձր մակարդակ, և այն փորձը, որ ձեռք է բերվել այս դասընթացների շնորհիվ, նրանք կփոխանցեն նաև իրենց գործընկերներին: Մենք շնորհակալ ենք ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ներկայացուցիչներին՝ աջակցության և իրենց փորձը մեզ փոխանցելու համար: Ինչ վերաբերում է հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկայի արդիականացմանը, ապա մենք աշխատելու ենք կարճ ժամանակում թե՛ պետբյուջեի հատկացումների, թե՛ մեր միջազգային գործընկերների օգնությամբ ամբողջությամբ վերազինել դրանք:

Լրագրողներին տված հարցազրույցում գեներալ-մայոր Լի Թաֆանելին, մասնավորապես, ասաց.

- Թե՛ դասընթացի, թե՛ վարժանքի արդյունքները շատ բարձր եմ գնահատում: Յուրաքանչյուր վարժանք լավ հնարավորություն է կատարելագործելու մեր գիտելիքներն ու հմտությունները: Վստահ եմ, որ իրական արտակարգ իրավիճակում հայ փրկարարները շատ արագ կարձագանքեն և բարձր պրոֆեսիոնալ օգնություն կցուցաբերեն, իսկ մեր համագործակցությունը շարունակական կլինի:

Բարեխիղճ ու նվիրված ծառայության համար հրշեջ-փրկարարներին շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ Շիրակի մարզպետ Ա. Խաչատրյանը:

Բրիտանական դեսպանատան պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Դեյվիդ Էթելը (որի նստավայրը Թբիլիսիում է) ընդգծեց, որ Հայաստանում հաճախակի հյուր է և վստահ, որ արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում իրեն արագ օգնության կհասնեն պրոֆեսիոնալ փրկարարներ:

Լի Թաֆանելին ԱԻ նախարարի ուղեկցությամբ այցելեց նաև «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն, որտեղ դասընթացներն անցկացնելու ընթացքում հանգրվանել էին ամերիկացի և բրիտանացի փորձագետները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից,   վարժանքի ավարտից հետո, որի արդյունքները հյուրերին գոհացրել են Ըստ նախատեսվածի վարժանքեր տեղի կունենան նաև այլ մարզերում՝ հուլիսի 28-ին Կոտայքի մարզի «Լուսակերտի» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում տեղի կունենա հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժության թեման է՝ «Քլոր տեղափոխող բեռնատար և մարդատար երկու գնացքների վթարի հետևանքով ստեղծված իրավիճակում քիմիական, ճառագայթային մոնիթորինգի, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը և  առաջին բուժօգնության ցուցաբերումը»:

Կանզաս-Հայաստան պետական համագործակցության հիմքը դրվել է 2003 թվականին: Հիմնական նպատակը` արտակարգ իրավիճակներում ռազմական ու քաղաքացիական կառույցների համագործակցությանը միտված նախաձեռնություններին աջակցությունն է և արձագանքող ուժերի պատրաստվածության բարձրացումը: Երկարատև համագործակցության ընթացքում իրականացվել են տարբեր թեմաներով բազմաթիվ դասընթացներ և համատեղ ուսումնավարժություններ, ինչպես նաև ԱՄՆ կողմից տրամադրվել է զգալի տեխնիկական աջակցություն»:

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]