Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իգնատի Առաքելյանն ընդունել է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարին

Իգնատի Առաքելյանն ընդունել է Իսրայելի Պետության տարածաշրջանային 
համագործակցության նախարարին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հյուրընկալել   է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը  կարևորել է երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում  տարբեր ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի անհրաժեշտությունը` ընդգծելով,  որ Իսրայելի փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ջրային ռեսուսների օգտագործման առումով, կարող է ուսանելի լինել Հայաստանի համար:

«Մենք մշտապես բաց ենք համագործակցության համար և պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները, որոնք կակտիվացնեն երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև օժանդակել գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդմանն ու աշխուժացմանը: Գյուղատնտեսության նախարարությունը մի շարք ուղղություններով, մասնավորապես կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի տեղադրման, գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների հիմնման սուբսիդավորման պետական աջակցության ծրագրեր է նախաձեռնել, որոնք բաց են և հետաքրքրության դեպքում մասնակցության հայտ կարող են ներկայացնել նաև իսրայելական ընկերությունները»,- իր խոսքում մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

Ցախի Հանեգբին իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խթանումը` շեշտադրելով մասնավոր հատվածի ներգրավումն ու  այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` գյուղատնտեսությունը Հայաստանի և Իսրայելի միջև փոխգործակցության թերևս «ամենաբնական»  ոլորտն է:

 Երկու երկրների  պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև  ոռոգման, կաթի արտադրության և վերամշակման, ջերմոցաշինության  ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Հյուրերը տեղեկացրել են, որ  Իսրայելի կառավարությունը նախատեսում է Հայաստանի հետ նոր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես իսրայելցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում հիմնել կաթի վերամշակման  գործարան, ինչպես նաև երկարաժամկետ վերապատրաստումներ իրականացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար` իսրայելական գյուղատնտեսության փորձին  ծանոթանալու և նորարարական տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու նպատակով:

Ցախի Հանեգբիին հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին այցելել Իսրայել` մասնակցելու «Ուոթերթեք» և «Ագրիթեք» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր հերթին խնդրել է իր պաշտոնակցին փոխանցել  հոկտեմբերին Երևանում կայանալիք «Արմպրոդէքսպո»  ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցելու հրավերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am