Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թումանյանի երկերի 10-հատորյակի վերահրատարակությունը նոր փաստեր է ներառելու

Թումանյանի երկերի 10-հատորյակի վերահրատարակությունը նոր փաստեր է ներառելու

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումանյանի երկերի 10-հատորյակի վերահրատարակությունը կընդգրկի նոր փաստեր ու ծանոթագրություններ: Վերահրատարակությունը՝ Թումանյանի 150-ամյակին ընդառաջ, նախաձեռնել է  ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ միասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 25-ին կայացած ասուլիսում  ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ասաց, որ մինչ դեկտեմբեր լույս կտեսնեն առաջին 2 հատորները:

«Ծրագրել ենք վերահրատարակել Թումանյանի երկերի ակադեմիական 10-հատորյակը: Սակայն սա պարզ հրատարակություն չի լինելու: Նախկին հրատարակությունը կազմել էին մեր գրականագիտության լավագույն ուժերը՝ Էդվարդ Ջրբաշյանի գլխավորությամբ: Սակայն դրա լույս տեսնելուց հետո գտնվել են ստեղծագործություններ, որոնք հարկադրաբար հետագա հատորներում են դրվել»,-ասաց Դևրիկյանը:

Նրա խոսքով՝ Թումանյանի 10-հատորյակի հրատարակությունը համընկավ նաև պատերազմի տարիների հետ, և տպագրվեց շատ անշուք և քիչ տպաքանակով: Առաջին հատորը տպագրվեց  70.000 օրինակով, թեև պահանջում էին, որ երկրորդ լրացուցիչ տպագրություն լինի: Իսկ վերջին հատորը նույնիսկ տպագրվեց 400 օրինակով:  «Եվ վերահրատարակության նպատակն է նաև ավելի հարուստ ու շատ տպաքանակով հրատարակել այն: Բացի դրանից՝ ի հայտ են եկել նոր փաստեր և ծանոթագրություններ, որոնք ևս պիտի ընդգրկեն նոր հատորներում»,-ասաց նա:

Համեմատելով երկու հրատարակությունները՝ Դևրիկյանը նշեց, որ էական տարբերություն է լինելու հատկապես գիտական ապարատում: Մեկ առ մեկ ներկայացվելու են յուրաքանչյուր հատորում հիշատակված պատմական անձինք:  «Ծանոթագրությունները ևս լինելու են ավելի ընդարձակ: Զետեղվելու է նաև յուրաքանչյուր ստեղծագործության համառոտ վերլուծությունը՝ իր ստեղծագործական պատմությամբ»,-ասաց Դևրիկյանն ու հավելեց, որ մինչև հոբելյան  չեն  ավարտի ամբողջը, սակայն մոտ կեսը լույս տեսած կլինի:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am