Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

«Ստանդարտ» տրիենալեն կհամատեղի տարբեր ոլորտներում ստեղծագործող անձանց գործերը

«Ստանդարտ» տրիենալեն կհամատեղի տարբեր ոլորտներում ստեղծագործող անձանց գործերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակութային կյանքը կհարստանա շրջիկ ցուցահանդեսներով, որտեղ կներկայացվեն ինչպես հայ, այնպես էլ` օտարազգի ստեղծագործողների եզակի և ինքնատիպ աշխատանքները:  «Ստանդարտ» տրիենալե շրջիկ պարբերական ցուցահանդեսը կանցկացվի Երևանում, Գյումրիում և Սևանում հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Տրիենալեի գլխավոր համադրողը՝ Վենետիկի 2015 թ. բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած Հայկական տաղավարի համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն է, որը, ոգեշնչվելով ֆրանսիացի սյուռեալիստ գրող և բանաստեղծ Ռընե Դոմալի (1908-1944) «Անալոգ լեռը» անավարտ վեպից, տրիենալեի համար ընտրել է «Անալոգ լեռը. ժամանակակից արվեստի փորձառություն» խորագիրը։ Ցուցահանդեսների մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կազմակերպիչները:

«Գյումրիում ցուցադրություններ կլինեն երեք թանգարաններում. Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում,  Սերգեյ Մերկուրովի և Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարաններում: Երևանում ցուցադրությունների համար ներգրավվել են ՀԲԸՄ Հայաստանյան գլխամասը և «ՀայԱրտ» Մշակութային կենտրոնը: Սեպտեմբերին ցուցադրություններ կլինեն Երևանի երկաթուղային կայարանում, Սևանում` Գրողների ստեղծագործական տանը: Նշված շինությունների մեծ մասը 19-20-րդ դարերի ճարտարապետական հիանալի կառույցներ են»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց Արվեստների հայկական խորհրդի նախագահ Վարդան Կարապետյանը:

Ադելինա Ջուբերյան Ֆոն Ֆյուրշթենբերգն ասաց, որ Վենետիկի բիենալեյին մասնակցում էին հզոր երկրներ ԱՄՆ-ն, Չինաստանը և այլն, բայց ընդամենը 25 տարվա անկախություն ունեցող Հայաստանը կարողացավ ըստ արժանվույն գնահատվել` ստանալով գլխավոր մրցանակը:

«Դա հիմք հանդիսացավ, որ մենք միջազգային բիենալե իրականացնենք նաև Հայաստանում: Նախապատրաստական աշխատանքները սկսել ենք նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և շատ հաճելի է, որ արվեստի տարբեր ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ հավատացին մեզ ու միացան այս նախաձեռնությանը»,-շեշտեց նա և հավելեց, որ ծառայում է արվեստին, որը չի կարող գոյություն ունենալ առանց հույսի և հավատի:

Ցուցահանդեսներին կմասնակցեն բրազիլաբնակ լուսանկարիչ Գասպար Գասպարյանը, ինստալյացիաների մասնագետներ Իլյա և Էմիլիա Կաբակովները, արվեստագետներ Այրին Անաստասը, Ռենե Գաբրին, Բենջի Բոյաջանը, Մարտա Դել Անջելոն, Գոհար Մարտիրոսյանը, Ռոզանա Փալազյանը և այլք:

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալե շրջիկ պարբերական ցուցահանդեսն ամեն անգամ նոր ուղի է հարթում Հայաստանով մեկ: Տրիենալեի անվանումն ընտրվել է ներշնչված 1924 թվականին տպագրվող «Ստանդարտ» հայկական ավանգարդ պարբերականից: «Ստանդարտ»-ը շեշտում է Հայաստանի պատմամշակութային հարուստ համատեքստը, իսկ շրջիկ բնույթի շնորհիվ ներգրավում ավելի լայն ու բազմազան հասարակական շերտերի` հնարավորություններ ստեղծելով արվեստագետների, գրողների, համադրողների, գիտնականների, տեղական համայնքների և այցելուների միջև երկխոսության և փոխգործակցային հարաբերությունների ձևավորման համար:

Տրիենալեն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո: Կազմակերպիչներ՝ Արվեստների հայկական խորհուրդ, «Արվեստ հանուն աշխարհի» կազմակերպություն (Ժնև), «Արվեստ Հայաստան հիմնադրամ» (Երևան), «Հասրաթյան» հիմնադրամ (Երևան), «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամ (Երևան) և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատուն։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ