Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանն ակտիվացնում է թվային մարքեթինգը. ակնկալվում է զբոսաշրջիկների թվի աճ

Հայաստանն ակտիվացնում է թվային մարքեթինգը. ակնկալվում է զբոսաշրջիկների թվի 
աճ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը համացանցում Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 19-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Զբոսաշրջային զարգացման հիմնադրամի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանը:

«Մեծ հույս ունենք, որ մեր վերջնական ձևավորումից կոմիտեի հոգսերը կթեթևանան: Մեր գործունեության ուղղություններից է թվային մարքեթինգի իրականացումը` համացանցում երկրի ճանաչելիություն բարձրացումը: Մենք արդեն այդ գործընթացի իրականացման համար ընդգրկել ենք մարդկանց»,-ասաց Արա Խզմալյանն ու հավելեց, որ իրենց հիմնական խնդիրը տեղեկատվական դաշտում հաջողության հասնելն է:

Նրա խոսքով` միայն պատմամշակութային ժառանգությունը բավարար չէ զբոսաշրջիկների քանակն ավելացնելու համար: Այդ պատճառով իրենց նպատակն է նաև ավելացնել հետաքրքրությունն ու պատճառները՝ Հայաստան այցելելու: «Նախատեսում ենք նաև տեղեկատվական կենտրոն ստեղծել օդանավակայանում»,-ասաց Արա Խզմալյանն ու հավելեց, որ հիմնադրամը, այնուամենայնիվ, առանձին մարմին չէ, և կոմիտեին ու հիմնադրամին պետք է դիտարկել որպես մեկ մարմին:

Հայաստանի կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի` ապահովելով ներգնա զբոսաշրջությունից տարեկան առնվազն 3 միլիարդ դոլարին համարժեք տարեկան եկամուտ: Զբոսաշրջության զարգացման հիմնադրամն ստեղծվել է հունիսի 29-ին կառավարության նիստում ընդունված որոշմամբ: Զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված կառույց հիմնադրելով` կապահովվի համաշխարհային, տարածաշրջանային և ներքին շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի առավել արդյունավետ մարքեթինգը և խթանումը, համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի, նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը, հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նպատակների իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am