Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Շարմազանովն անընդունելի և տարակուսելի է համարում Լատվիա-Ադրբեջան հռչակագրի ստորագրումը

Շարմազանովն անընդունելի և տարակուսելի է համարում Լատվիա-Ադրբեջան 
հռչակագրի ստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն առնվազն տարօրինակ և տարակուսելի է համարում այն, որ Եվրամիության անդամ երկիրը՝ Լատվիան, ռազմավարական համագործակցության հռչակագիր է ստորագրում աշխարհի ամենաավտորիտար ռեժիմներից մեկի՝ Ադրբեջանի նախագահի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովը հիշեցրեց, որ նույն եվրոպական մամուլն ու եվրոպական կառույցները բազմիցս խոսել են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիոն սկանդալների, ահաբեկիչներին սատարելու մասին: 

«Եթե ԵՄ-ն մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական հաստատությունների մարմնավորում է, ապա ինչպես հասկանալ ԵՄ անդամ երկրի և աշխարհի ամենաավտորիտար ռեժիմի համագործակցությունը՝ այն էլ ռազմական ոլորտում: Ես՝ որպես հայ-լատվիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար, իմ տարակուսանքն եմ հայտնում մեր եվրոպացի գործընկերներին: Սա անընդունելի է գոնե ինձ համար,  որովհետև Եվրամիությունը նախ և առաջ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն է։ Իսկ եթե դու դավանում ես այդ արժեքները ու ռազմավարական հռչակագիր ես ստորագրում մի երկրի հետ, որը մարդու իրավունքների պաշտպանությունից հազարավոր կիլոմետրերով հեռու է, ապա դա հարցականի տակ է դնում քո հեղինակությունը»,-ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով Լատվիայում հնչեցված մտքերին և գնահատականներին՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ իրենք շատ լուրջ դժգոհություն ունեն դրանց առնչությամբ: «Լատվիան Եվրամիության անդամ երկիր է, իսկ ԵՄ անդամ ցանկացած երկիր պարտավոր է գոնե պաշտոնական հայտարարություններում պահպանել ԵՄ պաշտոնական դիրքորոշումները։ Կոնկրետ այս հայտարարության և հռչակագրի մեջ, խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի մասին, խոսվում է խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության մասին, բայց ոչ մի խոսք չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Ի գիտություն մեր լատվիացի գործընկերների՝ պետք է ասել, որ կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, որտեղ կա երեք սկզբունք: Դրանցից մեկն ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն է, այդ մասին կա Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների առնվազն հինգ հայտարարություն: Այդ համանախագահ երկրներից մեկը՝ Ֆրանսիան, Եվրամիության անդամ երկիր է, և մեկ անգամ չէ, որ ԵՄ-ն, ի դեմս տիկին Մոգերինիի, հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահության հայտնի երեք սկզբունքները, որի մեջ մտնում է նաև ինքնորոշման իրավունքն ու այդ իրավունքի իրացումը, անքակտելի են»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը: Նա առնվազն տարակուսելի և անընդունելի համարեց այն, որ ԵՄ անդամ երկիրը հայտարարության մեջ չի նշում ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը:

Խոսելով հռչակագրի մասին պաշտոնական Բաքվի հնչեցրած գնահատականների մասին՝ Շարմազանովն ասաց. «Եթե Ադրբեջանում այդքան ուրախացել են այդ հռչակագրի առնչությամբ, հիշեցնեմ, որ առանց ԼՂ ժողովրդի իրավունքի ամբողջական իրացման, խնդիրը չի կարող լուծվել, իսկ տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ այն ոչ մի վայրկյան անկախ Ադրբեջանի կազմում չի եղել»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am