Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գերմանիայի քաղաքացիները Թուրքիայում «գերի ընկնելու» վտանգի տակ են. Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիայի քաղաքացիները Թուրքիայում «գերի ընկնելու» վտանգի տակ են. 
Բունդեսթագի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ձախերի կուսակցության պատգամավոր, ազգությամբ թուրք Սևիմ Դաղդելենը կոչ է արել երկրի կառավարությանը նախազգուշացնել Թուրքիա այցելել ցանկացող քաղաքացիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Թուրքիայում 6 իրավապաշտպանի, այդ թվում և Գերմանիայի մեկ քաղաքացու կալանավորման փաստի առնչությամբ Դաղդելենը հայտարարել է, որ այսուհետ իրենց քաղաքացիները Թուրքիայում «գերի ընկնելու» վտանգի տակ են: Պատգամավորն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է փոխի իր քաղաքականությունը: «Սպասելու, հուսալու և խնդրելու ժամանակն արդեն անցել է»,- հայտարարել է նա:

Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք մեկ այլ պատգամավոր՝ Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրն էլ ընդգծել է, որ Թուրքիայում ակտիվիստների ձերբակալելով այդ երկիրը վնաս է հասցնում սեփական տնտեսությանը: «Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այդ երկրում անվտանգ ներդրում անել»,- նշել է նա:

Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:

Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:

Amnesty International-ը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին: «Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան:

Շվեդիայի ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել իր քաղաքացու՝ Ալի Գարավիի կալանավորման առնչությամբ՝ հայտարարելով, որ իրենք զբաղվում են այս խնդրով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am