Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստամբուլում ձերբակալված իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են

Ստամբուլում ձերբակալված իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Իրավապաշտպանները հուլիսի 17-ին ցուցմունք են տվել Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում, ինչից հետո որոշում է կայացվել նրանցից 6-ին կալանավորելու, իսկ չորսին պայմանականորեն ազատ արձակելու վերաբերյալ:

Կալանավորված իրավապաշտպանների թվում են նաև Amnesty International-ի երկու աշխատակիցները:

Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» մեջ:

Թուրքիայի իրավապահ մարմինները հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Իրավապաշտպանները հյուրանոցներից մեկում մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մի ծրագրի, երբ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են ներկաներից ավելի քան տասին: Ձերբակալվածներին չեն ասել, թե ինչ մեղադրանքով են տարվում ոստիկանական բաժանմունք: Հուլիսի 11-ին հայտնի է դարձել նրանց կալանքի ժամկետը ևս մեկ շաբաթով երկարաձգելու որոշման մասին:

Կատարվածի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել միջազգային Amnesty International կազմակերպությունը, որը խորը մտահոգություն է հայտնել ակտիվիստներին անհիմն պատճառներով ձերբակալելու առնչությամբ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:

Միացյալ Նահանգները ևս մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ՝ կոչ անելով ազատել իրավապաշտպաններին ու պահպանել Թուրքիայի սահմանադրությամբ երաշխավորված ազատությունները: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am