Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամները խրախուսում են փառատոնի ստեղծագործական ազատությունը

«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամները խրախուսում են փառատոնի ստեղծագործական ազատությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանած տարբեր երկրների ֆիլմարտադրության  ներկայացուցիչները կարծում են, որ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը  լի էր ջերմությամբ, սիրով ու ներդաշնակ մթնոլորտով: Իրենց տպավորությունների մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ ամփոփիչ հանդիպմանը խոսեցին կինոփառատոնի ժյուրիի անդամները:

«Այս փառատոնն ինձ համար հիանալի փորձառություն էր. մարդ մտածում էթե ինչո՞ւ է այս փառատոնն այսքան ներշնչող: Կարծում եմ, որ պատճառը հայ ժողովուրդն է ու նրա պատմությունը: Ժյուրին բաղկացած էր տարբեր տեսակետներ ունեցող մասնագետներից, սակայն մենք կարողացանք համադրել մեր կարծիքները և լավ աշխատել: «Ոսկե ծիրան»-ում ամեն բան ներդաշնակ էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ժյուրիի անդամ Յուջին Քորը:

Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ, օսկարակիր ռեժիսոր Հյու Հադսոնի խոսքով` ինքը կարողացել է դյուրին համագործակցել ժյուրիի բոլոր անդամների հետ: «Ֆիլմերն ավելի լավն էին, քան ես ակնկալում էի: Մենք մեր հավանությունը տվեցինք «Ցանկալի Դուրգան» ժապավենին, կինո, որը հզոր է, խոր, խորհրդավոր: Կարծում եմ, որ ճիշտ որոշում ենք կայացրել: Պետք է ընդգծեմ, որ եկել էի Հայաստան երիտասարդ կինո դիտելու ու տեսա դա»,-ասաց Հադսոնը:

Ժյուրիի անդամ Մարիամ դԱբոն նշեց, որ իր մայրը ծնվել է Վրաստանում, և ինքը վաղուց է լսել հայերի, նրանց պատմության մասին: «Ինձ համար անհավատալի էր տեսնել ձեր ոգին. ես բացահայտեցի այն, որ չնայած ձեր ժողովրդի ծանր  պատմությանը` դուք պահպանել եք ձեր ինքնությունը: Դա երևում է ձեր կարճամետրաժ, վավերագրական ֆիլմերում: Կինոլեզուն միջազգային համընդհանուր լեզու է, և եթե զարգացնեք այն, ավելի հեշտ կլինի դրսի հետ շփվելը: Կարծում եմ, որ Հայաստանում հիանալի դերասաններ կան: Հատկապես հավանել եմ «Կյանք ու կռիվ» ֆիլմի դերասանական կազմը: Մաղթում եմ ապագա, որում կկարողանաք ձեր ծրագրերն իրականություն դարձնել առանց խոչընդոտների»,-եզրափակեց Մարիամը:

«Լավ էր վավերագրական կինոյի համայնապատկեր տեսնել, որը ոչ միայն քաղաքական անցուդարձին էր անդրադառնում, որը ցանկանում ենք փոխել, այլև ականատես եղանք կինոլեզվի, որը լուսավոր է, դրական:  Գնահատելի էր հումորն ու ներհայեցողական թեթև մոտեցումները: Կինոյում կարևոր է դրաման, կյանքը, հումորն ու արտառոց լինելը: Լավ էր, որ արտասվում և ծիծաղում էինք միևնույն ժամանակ»,- ասաց ժյուրիի անդամ Թոմ Ֆասարթը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am