Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Տիկին Յ-ի ռեքվիեմը» ֆիլմի հերոսուհին դժվարությամբ է վերապրում ամուսնու կորուստը

«Տիկին Յ-ի ռեքվիեմը» ֆիլմի հերոսուհին դժվարությամբ է վերապրում ամուսնու 
կորուստը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթում ներառվել է  մրցանակակիր ռեժիսոր Բոյան Վուլետիչի «Տիկին Յ-ի ռեքվիեմը» կինոնկարը: Ֆիլմի գլխավոր հերոսուհին ցանկանում է ինքնասպան լինել ամուսնու մահվան առաջին տարելիցին, որին ընդամենը մեկ շաբաթ է մնացել: Կինոն մի քանի երկրների համատեղ արտադրություն է: Ժապավենի մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Վուլետիչը:

«Այս թեման շատ անձնական է. կինոն իմ արձագանքն է այն իրադարձություններին, որոնք այսօր կատարվում են Սերբիայում: Ինձ մեծացրել են մի քանի կանայք, և ես շատ լավ եմ հասկանում նրանց մտահոգությունները հատկապես ավանդապաշտ երկրում: Ֆիլմի միջոցով կարող ենք բողոք ներկայացնել երկրի սոցիալ-քաղաքական վատ իրավիճակի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց ռեժիսորը:

Վուլետիչն ասաց, որ կինոժապավենում անդրադարձ կա նաև մայր և դուստր բարդ փոխհարաբերություններին, և հերոսուհին հավաքական կերպար  է, որին մարմնավորած դերասանուհին նկարահանվել է նաև Էմիր Կուստուրիցայի ֆիլմերում և մեծ ժողովրդականություն է վայելում Սերբիայում:

Ռեժիսորն ասաց, որ քաղաքական տեսանկյունից ինքը ձախակողմյան  հայացքների կողմնակից է և  բարձրաձայնում է այն մարդկանց խնդիրները, որոնց ձայնը հաճախ լսելի չէ:

Կինոնկարի պրեմիերան արդեն իսկ տեղի  է ունեցել Սերբիայում, և  ներկաները հուզվել են, քանի որ շատերն իրենց սեփական կյանքն ու խնդիրներն են տեսել ժապավենում:

Ռեժիսորը եզրափակեց իր խոսքը` նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում ու շատ է հավանել Երևանը, ճարտարապետությունը: Նա շեշտեց, որ իր համար պատիվ է «Ոսկե ծիրան» հեղինակավոր փառատոնին մասնակցելը:

Նախկին վարչական աշխատող տիկին Յ.-ն որոշում է ավարտին հասցնել իր բոլոր պարտականությունները. լվանալ մի ամբողջ լվացարան լի ափսեները, խանութ գնալ, գտնել ընտանեկան հին ատրճանակը: Հանգուցյալ ամուսնու ատրճանակը: Նա որոշել է ինքնասպան լինել ամուսնու մահվան առաջին տարելիցին, որին ընդամենը մեկ շաբաթ է մնացել: Տիկինը մտադիր է ավարտել իր անձնական և վարչական գործերը, որպեսզի ուզածի պես ինքնասպանություն գործի: Բայց այդ ամենն իրագործելու համար նրան մի բան է պակասում՝ փաստաթուղթ վերջին քսան տարին աշխատելու  մասին: Մի երկրում, որը սոցիալական անցումային փուլում է, սա արտակարգ դժվար խնդիր է: Ապրելն անցումային ժամանակաշրջանում բարդ է, իսկ մեռնելը՝ շատ ավելի:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը ներկայացվել է Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am