Հայաստանում սահմանվել է 4594 անձի հաշմանդամություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի հունիսի 1-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել է 5986 բժշկասոցիալական փորձաքննություն՝ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 21 տարածքային մարմինների կողմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փորձաքննության արդյունքում Հայաստանում 4594 անձի հաշմանդամություն է սահմանվել, չի սահմանվել` 1378 անձի, 14 անձի տրամադրվել է վերականգնողական անհատական ծրագիր:
Հայաստանում առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 1275 անձ: Փորձաքննությունների արդյունքում հաշմանդամություն է սահմանվել 970 անձի, իսկ չեն ճանաչվել 305-ը, 35 անձի դեպքում որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները:
Այս դեպքում հաշմանդամ չճանաչված անձինք, այն հիվանդություն ունեցողներն են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման: Այս մարդիկ ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և հետագայում անձը հաշմանդամություն ձեռք չբերի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում