Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մինչև 2020 թվականը Հայաստանը կարող է ունենալ տարեկան շուրջ 2.5 միլիոն տուրիստ

Մինչև 2020 թվականը Հայաստանը կարող է ունենալ տարեկան շուրջ 2.5 միլիոն տուրիստ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում՝ իրականացնելով թվային մարքեթինգ և ձևավորելով զբոսաշրջային արդյունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանն ասաց, որ մինչև 2017 թվականի մայիս ամիսն այցելությունների թիվն աճել է մոտ 30 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Խոսելով իրենց գործունեության մասին՝ Խզմալյանն ասաց, որ ունեն երկու հիմնական անելիք Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար` իրականացնել թվային մարքեթինգ և ձևավորել զբոսաշրջային արդյունք:

«Թվային մարքեթինգ ասելով, նկատի ունենք, որ որքան իրազեկված եղավ Հայաստան եկող զբոսաշրջիկը, այնքան ավելի վստահ է լինում, մտածում, որ ապահով տեղ է գալիս: Երկրի մասին տեղեկատվության տիրապետելը հոգեբանորեն մարդու մեջ առաջացնում է վստահության և անվտանգության զգացում: Մեր հիմնական խնդիրն է, որ մարդիկ ոչ թե գան և այստեղ ճանաչեն Հայաստանը, այլ մինչև գալը՝ իրենց երկրներում, իրենց տներում հնարավորություն ունենան ստանալու լիարժեք տեղեկություն Հայաստանի մասին»,- ասաց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նրա խոսքով՝ հուլիս ամսվա վերջում նրանք կգործարկեն իրենց կայքը, որը նախատեսված է տարբեր ճաշակների, նախասիրությունների և հետաքրքրությունների տեր մարդկանց համար: Կայքի միջոցով հնարավոր կլինի իմանալ, թե ինչ զբոսաշրջային ուղղություններ կան, ինչ ծառայություններից կարելի է օգտվել, անհրաժեշտության դեպքում ո՞ւմ կարելի է դիմել և այլն:

«Բացի թվային մարքեթինգից, մենք կիրականացնենք այլ մարքեթինգային միջոցառումներ: Զբոսաշրջային արդյունք ստեղծելու ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում: Մենք լրջորեն պետք է մտածենք զբոսաշրջիկի մոտիվացիաները ամրապնդելու ուղղությամբ, թե ինչու պետք է տեսնի Գառնին, Գեղարդը կամ Զորաց քարերը: Շատ հիմքեր ստեղծելով  ավելի շատ  զբոսաշրջիկներ շահագրգռված կլինեն Հայաստան այցելել: Մինչև 2020 թվականը Հայաստանը կարող է ունենալ տարեկան շուրջ 2.5 միլիոն տուրիստ»,- նշեց Խզմալյանը:

Ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ Արա Խզմալյանն ասաց, որ անցյալ տարի Հայաստան է այցելել 1.5 միլիոն զբոսաշրջիկ, իսկ սփյուռքի ընդամենը 10 տոկոսն է եղել Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am