Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն երկու երկրների ազգային մարզաձևերի զարգացման ուղղությամբ

Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն երկու երկրների ազգային մարզաձևերի զարգացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է մեր երկրում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին և իրանական ազգային՝ զուրխանե սպորտի և քոշտի փահլավանի մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհսեն Մեհրալիզադեի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմերը քննարկել են իրանական ազգային փահլավանի մարզաձևում հայ մարզիկներին ընդգրկելու և այդ մարզաձևի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ երկու երկրների դարավոր բարեկամական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն տնտեսական, քաղաքական կամ մշակութային համագործակցությամբ, դրանք խոր արմատներ ունեն նաև սպորտի ոլորտում: 

Մեհրալիզադեն ներկայացրել է փահլավանի մարզաձևի առանձնահատկությունները՝ դրա փիլիսոփայական և հոգեբանական մեծ ներուժը: «Փահլավանին նպաստում է մարզվողների ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը, այլև նրանց դարձնում է առավել խոհուն, հանդուրժող և սերմանում բարություն ու ներողամտություն: Հնում փահլևանները համարվել են իմաստուններ, նրանց դիմել են տարբեր տարաձայնությունների լուծում տալու խնդրանքով»,- տեղեկացրել է ֆեդերացիայի նախագահը: Նա նաև ասել է, որ աշխարհի շուրջ 85 երկրում գործում են զուրխանե սպորտի և քոշտի փահլավանի ֆեդերացիաներ, և խնդրել է նախարարի աջակցությունը՝ մեր երկրում այդ մարզաձևի ֆեդերացիա հիմնելու հարցում: Նախարար Ռոստոմյանը հյուրերին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ազգային մարզաձևի՝ հայկական ավանդական կոխ ըմբշամարտի պահպանմանն ու զարգացմանը: «Հայկական ավանդական կոխ ըմբշամարտի զարգացման հայեցակարգով սահմանված դրույթները գտնվում են պետական հոգածության ներքո: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը պետբյուջեից միջոցներ է հատկացնում կոխի զարգացման համար, և այս տարի առաջին անգամ մենք անցկացնելու ենք կոխի ՀՀ առաջնություն: Կոխը մարզամշակութային արժեք է, և մենք պարտավոր ենք այն պահպանել ու փոխանցել ապագա սերունդներին»,- ասել է Ռոստոմյանը և ավելացրել, որ հենց այս տեսանկյունից պարզ և հասկանալի է իրանցի գործընկերների հոգատար վերաբերմունքն իրենց ազգային մարզաձևի նկատմամբ: 

Կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանում զուրխանե սպորտի և քոշտի փահլավանի ֆեդերացիա հիմնելուց և մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո իրանցի մասնագետները կայցելեն Հայաստան և կկազմակերպեն դասընթացներ հայ մասնագետների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am