Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կայացել է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը

Կայացել է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 7-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2016թ. արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 2016թ. մրցանակաբաշխությունն անցկացվել է հետևյալ անվանակարգերով՝ «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «ՀՀ և ԼՂՀ անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ, «Սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք» մանկապատանեկան շարադրությունների մրցույթ:

Մասնակիցներին  օրհնանքի խոսք հղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Ուրախ եմ, որ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունն ավանդական է դարձել: Մրցանակաբաշխության նպատակն է արժևորել Սփյուռքում հայ ազգային ինքնության, մշակույթի պահպանման գործում կազմակերպությունների, անհատների ունեցած ներդրումը, գնահատել հայ համայնքների, կրթամշակութային կառույցների և լրատվամիջոցների գործունեությունը: 2016թ. աշխարհասփյուռ ողջ հայությունը նշեց Հայաստանի և Արցախի հանրապետությունների 25-ամյակը: Ինչպիսի ոգևորությամբ մեր փոքրիկները գրեցին շարադրություններ, նկարեցին և ստեղծագործեցին այդ թեմայով: Այս մրցանակաբաշխությամբ մենք ցանկացանք նաև մեր շնորհակալությունը հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր առավել շատ անդրադարձան անկախության 25-ամյակին»:

Կարևորելով Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ ՀՀ սփյուռքի նախարարության գործակցությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սա փայլուն օրինակ է պետական կառույցի և հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության, ինչի արդյունքում մենք կարողանում ենք պարգևատրել և խրախուսել ավելի մեծ թվով հայորդիների: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, քանի որ մասնակցությունն արդեն հաղթանակ է»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր անվանակարգերի հանձնաժողովներին՝ նշելով, որ դժվար և պատասխանատու է եղել նրանց աշխատանքը: Նա մասնավորապես բարձր գնահատեց Սփյուռքում գործող հայ ուսուցչի դերը հայապահպանության գործում: «Հայ ուսուցիչն է Սփյուռքում հայ դպրոցը կանգուն պահողը: Քանի դեռ կանգուն է հայ դպրոցը, կանգուն կմնա համայնքը», - հավելեց նախարարը:

Նախարարը առանձնակի ջերմությամբ խոսեց դահլիճում ներկա «Գաֆեսճյան» կենտրոնի սիրիահայ սաների մասին՝ ընդգծելով, որ չնայած սիրիական հակամարտությանը՝ այնտեղի հայ համայնքը ակտիվորեն մասնակցեց նաեւ 2016թ. մրցանակաբաշխությանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Վլադիմիր Աղայանը՝ մասնակիցներին փոխանցելով Արա Աբրահամյանի խոսքը: «Սփյուռքի նախարարության հետ կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությունը հայապահպանության լավագույն միջոցներից մեկն է: Հայապահպանության խորհրդանիշը Հայաստանն է և Սփյուռքում ապրող ցանկացած հայի հայացքն ուղղված է դեպի Հայրենիք», – նշեց Վլադիմիր Աղայանը:

2016թ. մրցանակաբաշխությանը մասնակցել է 197 անհատ և կազմակերպություն՝ աշխարհի  24 երկրից: Մրցանակների և խրախուսական դիպլոմի արժանացել է 177 հայտատու, որից 68-ը արժանացել է  մրցանակների՝ 2 գլխավոր, 66-ը՝  1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակների և  109-ը՝ խրախուսականի:

Մրցանակները հանձնեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Մայրենիի պաշտպան» (անհատներ) անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացան ԱՄՆ-ից՝ Վահիկ Ծատուրյանը, Ռուսաստանից՝ Աելիտա Միրաքյանը, Եգիպտոսից՝ Սուրեն Պայրամյանը, Ֆրանսիայից՝ Գրիգոր Ամիրզայանը, Վրաստանից՝ Վաչագան Ռստակյանը, երկրորդ կարգի մրցանակի արժանացան Քուվեյթից՝ Գոհարիկ Կոճիկյանը, Արգենտինայից՝ Բեատրիս Սրաբյանը, Մեծ Բրիտանիայից՝ Ռուզաննա Թաթուլյանը, Ղազախստանից՝ Հայաստան Մնեյանը, Ռուսաստանից՝ Զոյա Արզումանյանը, երրորդ կարգի մրցանակի՝ Կանադայից՝ Սոնա Թիթիզեան-Կետիկեանը, Հունաստանից՝ Շուշանիկ Սեմերջյանը, Ֆրանսիայից՝ Արման Շերեֆ-Գևորգը, Նիդերլանդներից՝ Մանուկ Մկրտչյանը,   Քուվեյթից՝ Կարո Արսլանյանը և Մարալ Համբոյանը,  Սիրիայից՝ Մարիանա Պերթիզլյանը, Ռուսաստանից՝ Ասյա Մադոյանը, Վարդուհի Եղիազարյանը, Աղավնի Գոգորյանը, Վրաստանից՝ Մանուշակ Վարդանյանը, Ուկրաինայից՝ Սարգիս Աղաջանյանը, Գերմանիայից՝ Անուշ Չախալյանը, Կիպրոսից՝ Վիոլետա Թաշճյանը, ԱՄՆ-ից՝ Նորայր Տատուրյանը: Խրախուսական դիպլոմների արժանացան՝ Արգենտինայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Նիդերլանդների, Բելգիայի Ֆրանսիայի, Ուկրաինայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի 16  հայորդիներ:

«Լավագույն հայկական կրթօջախ» անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացան Քուվեյթի Ազգային վարժարանը, ԱՄՆ-ի Ռոզ և Ալեք Փիլիպոս ազգային վարժարանը, Թուրքմենստանում ՀՀ դեսպանությանը կից դպրոցը, Վրաստանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 9 հայկական միջնակարգ դպրոցը, երկրորդ կարգի մրցանակի՝ Լոնդոնի Գ.Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանը, ԱՄՆ-ի  «Շարլոթ և Էլիզա Մերդինյան» Հայ Ավետարանական վարժարանը և Ֆրանսիայի «Պուատուի Հայերը» հայկական կազմակերպությունը, երրորդ կարգի մրցանակի՝ Արգենտինայի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կրթական հաստատությունը, Նիդերլանդների Խ.Աբովյանի անվան կիրակնօրյա դպրոցը և Ռուսաստանի «Արարատ» հայկական կիրակնօրյա դպրոցը: Խրախուսական պարգևների արժանացան Նիդերլանդների, Հունաստանի, Էստոնիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Հնդկաստանի, Ղազախստանի 12 հայորդիներ:

«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթում գլխավոր մրցանակի արժանացան Ֆրանսիայի «Հայերի նորություններ» լրատվական կայքը և Ռուսաստանի «Ժամ» ամսագիրը, մրցանակի արժանացան Իսպանիայի «Հայրենիք» շաբաթաթերթը, Կիպրոսի «Կիպրահայեր» էլեկտրոնային թերթը, Ֆրանսիայի «Ա» ռադիոն և Հունգարիայի «4-րդ ալիք» հայկական հողորդումը:

«Սիրում եմ քեզ ի՛մ Հայրենիք» անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացան Ռուսաստանից՝ Անդրեյ Սավադյանը, Կոմիտաս Կարապետյանը, Նելլի Մխիթարյանը, Տիգրան Գասպարյանը, Արկադի Քոսյանը, Մարիետա Չալիկյանը, Արփինե Բակունցը, Լորետան, Ֆրանսիայից՝ Էլեն Գասպարյանը, Քուվեյթից՝ Փաթիլ Զերեցյանը, Ավետիս Տեկիրմենճյանը, Ղևոնդ Քասունին, Վարդի Քեչեճյանը, Սերլի Զերեցյանը, Արա Սարգիսյանը, Սոնիա Աննա Մուրատեանը, Սիրիայից՝ Արին Բալին Փիլիպպոսյանը, Արշիլ Առաքելյանը, Սարո Աճեմյանը, Ռիթա Արսլանյանը, Թալիա Գահուեճյանը, Ֆրանսիայից՝ Էլիզաբեթ Առաքելյանը, Էլեն Գասպարյանը, Իտալիայից՝ Էլիզաբեթ Մխիթարյանը, Գերմանիայից՝ Հելենա Մուշեղյանը, Արիաննա Գևորգյանը, Ֆինլանդիայից՝ Բենիամին Հարությունյանը և Սոֆիա Բոյաջյանը: Խրախուսական պարգևների արժանացան Ֆրանսիայի, Շշվեյցարիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Քուվեյթի 81 հայորդիներ:

Կիպրոսից Վիոլետա Թաշճյանը, Հունաստանից Շուշանիկ Սեմերջյանն և Ռուսաստանի Սարատով քաղաքի հայ համայնքի կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց մրցանակային գումարները փոխանցեցին Արցախի ֆոնդին և Ապրիլյան պատերազմում զոհված զինվորներից մեկի ընտանիքին:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը, Ռուսաստանի հայերի միությանն ու Համաշխարհային հայկական կոնգրեսին՝ մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար՝ Սարատով քաղաքի հայ համայնքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Նունե Բարեղամյանը նշեց. «Պահն ինձ համար անչափ հուզիչ է: Այս մրցանակը մեզ համար առավել արժեքավոր է, քանի որ շնորհվում է Հայրենիքում: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը, որ բոլոր նախաձեռնություններում մեր կողքին է: Մեր երեխաներն իրենց մրցանակային գումարները սիրով նվիրում են Ապրիլյան պատերազմում զոհ գնացած զինվորներից մեկի ընտանիքին: Իսկ մենք էլ մեր հերթին ցանկանում ենք ձեզ նվիրել դպրոցի սաներից մեկի՝ տաղանդաշատ Լաուրա Խաչատրյանի կտավը՝ ի նշան երախտագիտության»:

Մասնակիցները դիտեցին 2016թ. մրցանակաբաշխության արդյունքների, մասնակից-հաղթողների շնորհակալական խոսքի, ինչպես նաև Մրցանակաբաշխության նախորդ տարիների արդյունքների ամփոփման հանդիսությունների մասին պատմող տեսանյութեր և լուսանկարներ:

Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սաները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am